ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում է ստացել Իրանում ցույցների ճնշման դեպքերի մասին. Փոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
«Անցյալ շաբաթ ես Իրանի արիակամ ժողովրդին խնդրեցի մեզ ուղարկել Իրանում բողոքների ընթացքում վարչակարգի բռնի գործողությունների ապացույցներ: Այս պահին մենք ստացել ենք շուրջ 20 հազար հաղորդում: ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռնարկել Իրանի ապատեղակատվության նախարարի դեմ: Առջեւում նոր պատժամիջոցներ են»,- գրել է Փոմպեոն Twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է իր պատժամիջոցների ցուցակում Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին ներառելու մասին՝ նրան մեղադրելով Իրանի քաղաքացիների համար Համացանց մուտքի սահմանափակմանը մասնակից լինելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: