Բաժիններ՝

«Դիմել ենք, որպեսզի փոփոխություն արվի բազմաբնակարան շենքերի մասին օրենքում». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե Քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը:

Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը:

«Քննարկվում է, որ ավտոբուսների ինչ-որ չափաքանակ հաջորդ տարի պետք է լինի Երևանում, որպեսզի սկսենք փոխարինման հարցը: Թե՛ վերելակների, թե՛տրանսպորտի հարցը մեկ տարվա հարց չէ, և տրանսպորտային համակարգի մասով հենց սկզբից նշվել է 2-4 տարի: Աշխատում ենք մաքսիմալ արագ անել, նույնը՝ նաև վերելակների դեպքում»,- ասաց քաղաքապետը:

Խոսելով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասին՝  նա նկատեց.

«Բազմիցս նշել եմ՝ դա համայնքի լիազորություններից դուրս հարց է, բայց այնուամենայնիվ, համայնքն իր վրա վերցրել է որոշակի պարտավորություններ այս հարցում, և մենք շատ կոնկրետ գործողություններ ենք անում: Մեզ շատ խանգարող հանգամանքներ կան այստեղ, օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն: Դիմել ենք կառավարությանը, ԱԺ մեր գործընկերներին, որպեսզի փոփոխություն արվի բազմաբնակարան շենքերի մասին օրենքում: Կարող եմ նշել, որ Արզումանյան փողոցում երկու շենք կա՝ 10 և 17, որտեղ անգամ փլուզման վտանգ կար: Մենք բոլոր բնակիչներին առաջարկել ենք, որպեսզի նրանց համար բնակարաններ վարձակալենք, մի մասը համաձայնություն է տվել, մյուս մասը՝ ցավոք,  ոչ: Ես մտահոգված եմ նրանց անվտանգությամբ, բայց օրենքով իրավունք չունեմ նրանց հարկադրաբար տարհանել: Օրենքում այս կետն առաջարկել ենք փոփոխել»:

Հայկ Մարությանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ծաղիկ Ռուբոյի՝ Ռուբեն Գևորգյանի դստեր ընկերության կողմից նախկին «Դեյզի» այգու տարածքում շենքի կառուցման թույլտվություն չտալու հարցին։

«Այսօր Դավթաշենի լավագույն այգիներից մեկի տեղը մեծ փոսորակ է, և, բնականաբար, այս տիպի հարցերը՝ անկախ անձերից, ինձ անձերը չեն հետաքրքրում, այլ երևույթը… Ես չեմ կարող թույլ տալ մի տեղ կառուցապատում լինի, որտեղ կար այգի, հետո այդ այգին անհասկանալի պատճառներով նախ դարձել է մեկի սեփականությունը, պատահական մարդու սեփականություն չի դարձել, այլ պաշտոնատար անձի բարեկամի, այս դեպքում՝ դստեր: Այս գործերն իմ կողմից ուղարկվել են իրավապահներին, տեսնելու՝ կա՞ն օրենքի խախտումներ։ Եթե իրավապահներն ինձ ասում են՝ պարոն քաղաքապետ, այստեղ ոչ մի խնդիր չկա, մենք նոր գնում ենք առաջ։ Սեփականաշնորհումը՝ հասկացանք, բայց եթե նույնիսկ սեփական այգի է, ինքն իրավունք ունե՞ր դա քանդելու: Ինձ համար կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ են կանաչ գոտիները վերածվում շենքերի: Շինարարությունը լավ բան է, բայց ոչ՝ այգիների հաշվին»,- ասաց Մարությանը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս