Մարուքյանը դեկտեմբերին կասի՝ ով է ամենավատ աշխատող նախարարը
«Կոռւպցիայի կանխարգելման» հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նա արժանի էր այդ պաշտոնում ընտրվելու:
«Մենք ամբողջությամբ վստահում ենք նրան, կարծում եմ՝ հանձնաժողովի այս առաջին կազմից շատ բան է կախված, քանի որ այս կազմն է, որ իր ներդրումն ունենալու է հանձնաժողովի հիմքը դնելու առումով: Այս հանձնաժողովը բավականին տարբերվում է նախկին Էթիկայի հանձնաժողովից, ակնկալում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման գործում մեծ արդյունքներ կունենանք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Մարուքյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, որ Հայաստանում կոռուպցիա չկա կամ գրեթե չկա, Էդմոն Մարուքյանն ասաց, որ կոռուպցիա միշտ էլ կա, և հնարավոր չէ այն ամբողջությամբ վերացնել:
«Կոռուպցիա կա աշխարհի բոլոր երկրներում, այլ բան է դրա մակարդակը և հանրային ընկալումը: Կոռուպցիայի մակարդակի հանրային ընկալումը դեռևս շատ բարձր է, բայց համակարգվող, մեկ կետից կառավարվող կոռուպցիա այսօր Հայաստանում չկա: Կոռուպցիա կա ավելի ցածր մակարդակներում»,- ընդգծեց նա:
Թե ո՞վ է ամենավատ աշխատող նախարարը, որի վերաբերյալ խմբակցությունում քննարկում են ունեցել, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս մասին կհայտնեն դեկտեմբերին՝ ԱԺ քառօրյայի ժամանակ:
Ինչ վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելուն, որի առնչությամբ խմբակցությանը դիմել էր ՀՅԴ երիտթևը, Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդարանում խմբակցությունները մեկ նստաշրջանի ընթացքում չեն կարող անվստահություն հայտնել մի քանի նախարարների:
«Մենք անվստահություն էինք հայտնել Ֆինանսների նախարարին, որը մերժվել էր, այսինքն՝ մեր խմբակցությունն այս առումով սպառել է»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան