«Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի հետ կապված Փարիզում անվտանգության միջոցառումները խստացվել են
Փարիզի իշխանությունները հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ցույցի հետ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողները հերթապահություն են սահմանել քաղաքի գլխավոր փողոցներում:
Տարածված հաղորդագրության համաձայն նախատեսված բողոքի ակցիաներն արտոնված չեն: Հատկապես ուժեղացված հսկողություն է սահմանված այն հատվածներում, որտեղ պետական կառույցների շենքերն են:
Նախորդ շաբաթ Ֆրանսիայի ամբողջ տարածքով նոր թափով «դեղին բաճկոնավորների» բողոքի ալիք բարձրացավ: Ընդհանուր առմամբ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը 28 հազարից ավելին էր, որից 4 հազար 700-ը՝ Փարիզում: Մայրաքաղաքում ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով:
2018 թվականի նոյեմբերի 17-ից սկսած ամեն շաբաթ Ֆրանսիայում խոշոր բողոքի ակցիաներ են իրականացվում: Սկզբում ակցիաներն ուղղված էին վառելիքի գների թանկացման դեմ, ներկայում առաջ են քաշվում ոչ միայն սոցիալ-տնտեսական հարցեր, այլև քաղաքական: