Հայկական ելույթների երեկո՝ Եվրոպայում

Քաղաքականությունը մարդկային հանրույթի ինքնակառավարման և ինքնակարգավորման մեխանիզմ է, որը ձևավորվում և իրականացվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում, իսկ մարդիկ իրենց գործունեության ու վարքի մեջ ղեկավարվում են որոշակի դրդապատճառներով, նպատակներով, զգացմունքներով և հոգեվիճակով:

Ընդհանուր առմամբ քաղաքականություն ֆենոմենը և առանձին քաղաքական իրադարձություններն ու երևույթները զգալիորեն կախված են որոշակի անձանց հոգեբանությունից:

Նախօրեին եվրոպական երկու քաղաքներում՝ Զագրեբում և Միլանում, միմյանցից որոշակի ժամային տարբերությամբ, տեղի ունեցան հայկական քաղաքական դաշտի հակադիր բևեռների՝ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի ելույթները, որոնք, չնայած խոսում էին եվրոպական հարթակներում, սակայն իրենց խոսքում բավականին լուրջ մեսիջներ կային ՀՀ ներքաղաքական դաշտի զարգացումների վերաբերյալ։

Ս. Սարգսյանի ուղերձները հստակ էին. նա վկայակոչեց այն առանցքային կետերը, որոնք տեղի էին ունեցել Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ անցնցում և առանց բախումների իշխանափոխություն, երկրի ներսում տիրող դեմագոգիայի և պոպուլիզմի հաշվին իշխանության եկած արկածախնդիրներ, որոնք անցած ժամանակահատվածում ոչ մի հեղափոխական քայլով աչքի չեն ընկել՝ բացի ամբոխահաճո հրապարակային ելույթներից։

Սարգսյանը նաև նշեց այն փաստի մասին, որ իրեն հաճախ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին հանձնելու հարցում։

Երբ Միլանում Փաշինյանը խոսում էր «ոչ բռնի, թավշյա սիրո և հանդուրժողականության հեղափոխության» գաղափարների մասին, իրեն, մեղմ ասած՝ անհամեստորեն համեմատում Հիսուս Քրիստոսի հետ՝ նշելով, թե իրենց պայքարը նման է եղել Քրիստոսի առաքելության հետ, Սարգսյանը Զագրեբում Եվրոպայի էլիտային էր ներկայացնում, թե ՀՀ ներսում ժողովրդավարությանը սպառնացող ինչ ակնհայտ զարգացումներ են տեղի ունենում, ինչ բռնաճնշումներ, քաղաքական բացահայտ հետապնդումներ են տեղի ունենում իշխանություններին և անձամբ Փաշինյանին քննադատողների նկատմամբ։

Եթե սրան գումարենք այն ատելությունը, որը տարածում են «Նիկոլի վկաները» սոցցանցային տիրույթում, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Իրականում եթե համեմատենք, թե այս երկու գործիչների տեքստի բուն բովանդակության որքան չափաբաժինն էր կազմում իրականությունը, կարծում ենք՝ պարզ է յուրաքանչյուր մտածող մարդու համար։ Եթե փորձենք անդրադառնալ ընդհանուր քաղաքական ուղերձների բուն հասկացություններին ու ենթատեքստերին, ապա, որպես կանոն, քաղաքական լսարաններն ուշադրությամբ չեն լսում հռետորների, հատկապես՝ քաղաքական գործիչների ելույթները:

Ներկաների ընկալունակությունն առավելագույնը դարձնելու միջոցներից մեկն է հռետորի ուղերձի հստակ կառուցումը: Փաստն այն է, որ առաջին հերթին ելույթը պետք է լինի տպավորիչ և ամբողջական, որպեսզի կարողանա լսարանի ուշադրությունը հնարավորինս շատ գրավի: Հենց դրա համար քաղաքական գործիչները հաճախ մեջբերում են թևավոր խոսքեր, առակներ, հետաքրքրաշարժ վիճակագրական տվյալներ կամ հիշարժան պատմություններ, որպեսզի կարողանան որոշակի համակրանք ունենալ:

Ելույթի իրականացումը նման ձևով գրավում է լսարանի ուշադրությունը` առաջացնելով համակրանք և վստահություն խոսողի հանդեպ, նաև բացահայտելով ելույթի կենտրոնական գաղափարը։ Ահա այս տեսական նրբերանգներն առանձնացնելուց հետո Փաշինյանի և Սարգսյանի ելույթների վերլուծությունն ավելի հստակ ու պատկերավոր է դառնում։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը դարձյալ մանիպուլյացիոն դաշտում հերթական անգամ փորձեց մատուցել տեսարաններ՝ դարձյալ հիշատակելով նախկիններին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, և սա՝ այն դեպքում, երբ հանդիպման մասնակիցներից մեկը դժգոհեց ՀՀ գործող իշխանություններից և նրանց վարած ներքին և արտաքին քաղաքականությունից։ Այս առումով հետաքրքիր են հատկապես Փաշինյանի ու Սարգսյանի հայտարարություններն Արցախի խնդրի վերաբերյալ։ Փաշինյանը հերթական անգամ շեշտեց իր հայտնի թեզը․ «Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար»։ Իսկ իր մյուս սկանդալային հայտարարությամբ նա դարձյալ փորձեց խաղալ ժողովրդական հույզերի հետ։ «Երբ որ ասում են՝ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը՝ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞, այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց», ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ՞», և հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»։ Սա դասական բառախաղ է, որի արդյունքում Փաշինյանը դարձյալ թեման շեղեց իրականությունից։ Ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները չունեն Արցախի բանակցության հստակ տեսլական և ռազմավարություն, և հասկանալի չէ, թե ինչ կետից են ընթանալու բանակցությունները, կամ, ասենք, որ կետից են սկսելու բանակցել խնդրի շուրջ։

Ի տարբերություն Փաշինյանի՝ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ իր համար մտահոգիչ են Արցախի հարցի ներկայիս բանակցային գործընթացը, և նրա՝ «ցանկացած վատ բանակցություն լավ է պատերազմից» թեզը վկայում է հարցի վերաբերյալ նրա լուրջ մտահոգության մասին։ Սարգսյանի խոսքի ամենաառանցքային դրվագը թերևս այն էր, որ նա հստակ ուղերձ հղեց Բաքվին՝ ասելով՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»։

Ամփոփելով՝ նշենք մի կարևոր դետալ․ լեզուն, որն օգտագործվում է ելույթի միտքն արտահայտելու համար, վճռորոշ նշանակություն ունի: Ցավոք, «սփիչրայթերները» հաճախ ավելի լավ են տիրապետում գրավոր, քան բանավոր խոսքին: Իսկ բանավոր խոսքն առավել պարզ է, կոնկրետ, կազմված կարճ արտահայտություններից: Այս տարբերության ըմբռնումը չափազանց կարևոր է ճառեր գրելիս, որոնք կարող են հաջողություն ունենալ լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին։

Արմեն Հովասափյան

 

Տեսանյութեր

Լրահոս