Ավերվել է Հայաստանի գինեգործական մշակույթի վառ օրինակներից մեկը. նախարարությունը՝ կատարվածի մասին
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է: «Այդպես է կարգադրված». պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր օգտատեր Մերի Չաքրյանը և հրապարակել լուսանկարներ:
Ավելի ուշ Մերի Չաքրյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին՝ արձագանքի համար, սակայն արձանագրել են, որ Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկն արդեն ավերակ է։
«Այն միտումնավոր չի ներառվել տվյալ տարածքի ՇՄԱԳ-ում, ու ես արդեն հույս էլ չունեմ, որ քանդողը կամ այն չինովնիկները, որ պարտավոր էին ապահովել պահպանությունը, կպատժվեն անգործության համար։ Վաղն առավոտյան հետքերն էլ կվերացվեն, ու վերջ, չի էլ եղել»,- գրել է օգտատերը:
Համազասպ Դանիելյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ նկատելով. «Եթե ինձ հասած տեղեկատվությունը ճիշտ է, ապա այստեղ տեղի ունեցող շինարարության թույլտվության հետ կապված փաստաթղթերում ինչ-որ մի ժամանակ ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ: Պարզապես ցավալի է, որ հերթական անգամ այսպիսի բացթողում ենք ունենում, ու մեր մշակութային ժառանգությունից մի հատված պոկվում է, ու անվերադարձ կորցնում ենք»:
Դալմայի այգիներում տեղի ունեցող շինարարության հետ կապված։
Gepostet von Hamazasp Danielyan Համազասպ Դանիելյան am Freitag, 15. November 2019
Քաղաքացիների փաստմամբ՝ դա գտնվում է Աթենքի փողոցին և Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում, որտեղ հիմա ակտիվ շինարարություն է ընթանում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունից մասնագետներ են գնացել, ուսումնասիրում են:
«Այս պահին դրանից ավելի բան չեմ կարող ասել»,- նշեց նա:
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կառույցի պատմամշակութային արժեք ունենալու և այն պահպանելու համար նախաձեռնվել է իրականացնել օրենքով սահմանված գործընթաց. այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կվերցվի պետական հաշվառման՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով:
«Եթե ունեք շինության սեփականության իրավունքի տվյալներ՝ հասցե, սեփականատեր, խնդրում ենք տրամադրել»,- գրել էր Արմեն Աբրոյանը:
Նկատենք, որ Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության ժամանակահատվածով։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։
Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։
Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։
1950 թ. Կարմիր բլուրում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են յոթ մառաններ՝ 420 գինու կարասներով, յուրաքանչյուրը՝ 800-1200 լիտր տարողությամբ։ Կարասների մեջ եղել են խաղողի կորիզներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք առ այսօր Դալմայի այգում աճող եզանդարի, խարջի, ասքյարի, մսխալի սորտերից են։ Հայտնաբերվել է նաև ածխացած խաղող, որն ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու պատվերով 1962 թ. ուսումնասիրվել է խաղողագործ-գինեգործ Դերենիկ Սաֆարյանի կողմից: Դալմայի այգիներում մինչև վերջերս մշակվել են խաղողի մոտ 80 սորտ և թթի, ծիրանի, խնձորի տասնյակ սորտեր:
Անի Կարապետյան