«Վարչապետը պետք է պարտավորեցնի դատարաններին իրականացնել արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
«Մանվել Գրիգորյանի պարագայում արդարադատություն կոչվածն իսպառ բացակայում է, իսկ դրա կրողը ոչ միայն դատական իշխանությունն է, այլև բարձրագույն իշխանությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի գործով դատական համակարգն օրինականացնում է անօրինականությունները:
«Խնդիր է դրված, որ Գրիգորյանը մնա կալանքի տակ, և այդ խնդիրը դատավորը շատ ջանասիրաբար իրագործում է, իր բոլոր իրավական հետևանքներով: Գրիգորյանի գործով տեղի է ունենում տոտալ անօրինականություն: Մեկ ու կես տարի առաջ, երբ Գրիգորյանին ձերբակալեցին, այնուհետև կալանավորեցին, երկրի վարչապետը հայտարարություն արեց և այդ հայտարարության հիման վրա սկսվեցին լիազոր մարմինների կողմից՝ վարույթ իրականացնող մարմնի կողմից, մեր կարծիքով, անօրինականությունները:
Դեռևս նախաքննության փուլում Գրիգորյանին մեղսագրվեց արարք հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով: Դեռ այն ժամանակ մենք հղում կատարեցինք Քրեական օրենսգրքի համապասխան հոդվածին և ասացինք, որ նման դեպքերում օրենսդիրը թույլ է տալիս, որ վնասը վերականգնվի և գործը կարճվի, այդ պահից սկսած մենք առաջարակեցինք մի քանի անգամ գերազանցող անշարժ գույք, բայց քանի որ փորձում էին ցուցանիշ ցույց տալ, թե ի՞նչ արարք են արել Մանվել Գրիգորյանն ու իր ընտանիքը, դա առկախվեց»:
Չնայած դատարանի որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական մարմինը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին եզրակացության մեջ գրել էր, որ նրա հիվանդությունները կալանքի հետ համատեղելի չեն, ամեն դեպքում նշել էին, որ հնարավոր է ապահովել գեներալի ներկայությունը դատական նիստերին, եթե ապահովված լինի խնամակալներով՝ բժիշկներով, և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Նոյեմբերի 12-ի դատական նիստին Մանվել Գրիգորյանը ներկա էր:
«30-40 րոպե հետո Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ, բժիշկները ստիպված եղան ասելու, որ նման պայմաններում հնարավոր չէ շարունակել: Այդ նիստից հետո երկու օր վերականգնողական աշխատանքներն են արել, որ Մանվել Գրիգորյանը վերականգնվի՝ սկսած շնչառությունից, վերջացրած այլ հիվանդություններով»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանը հաջորդ դատական նիստին կմասնակցի՞, թե՞ ոչ՝ Լևոն Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել, սակայն վստահեցնում է՝ դա ոչ իրավաչափ կլինի.
«Մանվել Գրիգորյանի ոտքերի 97 տոկոսը չի աշխատում: 30-ից ավելի ծանր հիվանդություններ ունի, իսկ մեղադրողը խոսում է ճիշտ սննդակարգի մասին՝ մոռանալով, որ մեր պաշտպանյալը ստացիոնար բուժման մեջ է և սնվում է բժիշկների հսկողության տակ»:
Փաստաբանը պնդում է՝ Մանվել Գրիգորյանի գործով արդար դատաքննության հասնելու համար հարկավոր է վարչապետի հայտարարությունն այդ մասին, քանի որ, ըստ Լևոն Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի մինչ այս արած հայտարարությունները կաշկանդում են դատարանին արդարադատություն իրականացնել:
«Վարչապետը պետք է բարձրաձայնի, որ դատարանը պոզիտիվ պարտավորություն ունի իրականացնելու արդարադատություն, ինչպես 1.5 տարի առաջ ասաց, որ տեղի են ունեցել գործողություններ, որոնց համար այսօր արդարադատություն է իրականացնում: Պետք է պարտավորեցնի, որ գնա օբյեկտիվ քննություն, ինչպես Գրիգորյանին գրավով ազատելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ «իմ դուրն էլ չեկավ, որ իրեն ազատեցին», ինչից հետո էլի կալանավորեցին: Ես չեմ ասում, որ ցուցում է տալիս, բայց ավելի լավ է ցուցում տա, քան նման կերպ ցույց տա, թե ինչ գործողություն պետք է անել»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Չնայած նախորդ դատական նիստում փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բժիշկները ներկա լինեն նոյեմբերի 12-ին նիստին, նրանք չեկան:
Մանվել Գրիգորյանի գործը ՄԻԵԴ-ում է՝ անօրինական կալանքի և խոշտանգման հիմքով, ըստ փաստաբանի՝ այս լսվելու է առաջնահերթության հիմքով:
Հիշեցնենք՝ 63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույքի յուրացման, հարկերի վճարումից խուսափելու մեջ, պետական միջոցներից գումարներ վատնելու և գույքի հափշտակության մեջ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ