«Ինձ համար դա մերժելի էր». Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին
Հանրային խորհրդի նոյեմբերի 7-ի նիստի ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած կառույցի վրա մեծ հարձակումներ են սկսվել։ Նա հերթով անդրադարձել էր իրենց ուղղված քննադատություններին, թե կառույցն անիմաստ է, արդյունավետ չի աշխատում, նաև խոսվում է իր հրաժարականի պահանջի մասին։
Լարիսա Ալավերդյանը խորհրդի նիստի ժամանակ Վազգեն Մանուկյանին կոչ էր արել չհանձնվել: Սակայն այսօր Վ. Մանուկյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարություն՝ այլևս անիմաստ համարելով իր գործունեությունը ՀԽ-ում:
168.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հրաժարականի դիմումը գրելուց առաջ Վազգեն Մանուկյանի հետ չի խոսել, չէր կարող կանխագուշակել, որ նման բանի կանի:
«Ինձ համար դա մերժելի էր: Ինքը նախորդ նիստի ժամանակ շատ պարզ արտահայտվել էր, ասել էր, որ իր որոշումը կընդունի, և դա իրոք իր իրավունքն է»:
Լարիսա Ալավերդյանը չի բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո կլքեն Հանրային խորհուրդը, բայց ինքն այդ մարդկանց ցանկում չի լինի:
«Դա իմ ոճը չէ: Ես կսպասեմ զարգացումներին: Եթե կլինի հաջողված փորձ Հանրային խորհուրդը կցորդ դարձնելու, այլ ոչ թե փորձագիտական խորհուրդներ ձևավորող հաստատություն, ապա կարող է ես էլ դուրս գամ»:
Վազգեն Մանուկյանն իր հրաժարականի տեքստում գրել էր, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իր կարծիքով, վտանգավոր են պետության համար: Այդ փորձերը, Վազգեն Մանուկյանի պնդմամբ, ապարդյուն են անցել:
«Դա այն է, ինչի մասին ես անընդմեջ խոսում եմ: Մեզ մոտ՝ Հայաստանում, ոչ թե երևույթների մասին են մտահոգվում, այլ ամեն ինչը տեղափոխում են միջանձնային հարաբերությունների դաշտ: Ես կարծում եմ, որ հասարակության մեջ առկա լարվածությունը թուլացնելը Հանրային խորհրդի առաքելություններից մեկն է, բայց դա անհնարին է իրականացնել առանց Կառավարության և նրա ղեկավարի հետ համագործակցության»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Ի՞նչ կլինի Հանրային խորհրդի հետ, և ինչպե՞ս են կազմակերպելու իրենց աշխատանքը. այս հարցին Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ այս հարցերի պատասխանները ստանալու համար պետք է նիստ հրավիրել և քննարկում անցկացնել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ