Բաժիններ՝

Փաստաբանների պալատը դիմել է ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին՝ ձերբակալված փաստաբաններին տեսակցելու խնդրանքով

«Փաստաբանների պալատն Ազգային անվտանգության ծառայությունից գրություն չի ստացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 2 փաստաբանի հարցին:

Տեղեկացնենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը, որն այս դեպքում Ազգային անվտանգության ծառայությունն է, փաստաբանին կալանավորելու կամ ձերբակալելու դեպքում պետք է դրա մասին անհապաղ տեղյակ պահի Փաստաբանների պալատի նախագահին: Իսկ Փաստաբանների պալատը, փաստորեն, որևէ պաշտոնական գրություն ԱԱԾ-ից դեռ չի ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, ԱԱԾ-ն բացահայտել էր Փաստաբանների պալատի 2 անդամի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք: Համաձայն ԱԱԾ հայտարարության՝ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամ քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկումը կրող դատապարտյալին առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանում՝  դրանով իսկ դրդելով դատապարտյալին 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալ:

ԱԱԾ հաղորդագրության մեջ փաստաբանների անուն էր նշվում:

Ավելի ուշ մամուլը գրեց, որ ձերբակալվել են պալատի 2 կին փաստաբան՝ Ալինա Ավետիսյանն ու Նելլի Պետրոսյանը:
Փաստաբանների պալատի ունեցած տեղեկություններով էլ են այդ փաստաբանները հանդիսանում Ալինա Ավետիսյանը և Նելլի Պետրոսյանը:

168.am-ի հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին տեսակցելու խնդրանքով:

Այսօր Փաստաբանների պալատը ձերբակալված փաստաբանների վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այժմ էլ Փաստաբանների պալատը միջոցներ է ձեռնարկելու ձերբակալված փաստաբանների իրավաբանական օգնության հարցը ճշտելու և ըստ անհրաժեշտության այդ օգնությունը կազմակերպելու ուղղությամբ:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս