«Գյուղերում դեռ սպասում են, որ պետությունը կգա, աշխատատեղեր կստեղծի». Ռոբերտ Ղուկասյան
«Շատ դեպքերում Տեղական ինքնակառավարման մարմինները չգիտեն, թե ինչպես կազմակերպել տեղական ինքնակառավարումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ով բոլորիս առավել հայտնի է՝ որպես կալավանցի Ռոբերտ:
Նրա մասին սկսեցին ակտիվորեն խոսել, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կալավան և ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչպես է փոքրիկ ու քիչ հնարավորություններ ունեցող գյուղը զարգանում: Զարգացման ծրագրի հեղինակը Ռոբերտ Ղուկասյանն է, ով հիմա փորձում է Կալավանի օրինակը տարածել:
Հենց այդ այցի ժամանակ էլ Ն. Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Ռոբերտ Ղուկասյանին հրավիրում է աշխատանքի՝ որպես իր խորհրդական:
Խոսելով զարգացման ծրագրի մասին՝ մեզ հետ զրույցում Ռ. Ղուկասյանն ասաց. «Սկսում ենք Վայոց ձորի Զեդեա գյուղից, հետո կանցնենք Խնձորուտ, Նոր Ազնաբերդ գյուղերին: Այցելությունները Վայոց ձորից ենք սկսել, ծրագրերի իրականացումը ևս այնտեղից կսկսենք 2020-ի գարնանը: Հերթականությամբ կգնանք, կամ զուգահեռ՝ կախված աշխատանքի ծավալից ու բնույթից: Երեկ Զեդեա գյուղում էինք, քննարկումներ ենք անում, պետք է նախապատրաստել նախ և առաջ՝ բնակչությանը, այնպես ենք անում, որ իրենց մոտ առաջանան գաղափարները, քանի դեռ իրենց մոտ չեն առաջացել, իրենք սրտացավ չեն լինելու:
Մարդիկ տանը նստած, իրենց գալիս-ասում են՝ ձեր գյուղի համար այս ենք անում, այն ենք անում, դա սխալ է, այն բանը, որը իրենք չեն կարող անել օբյեկտիվ պատճառներով, մենք անում ենք, իսկ որը հնարավոր է՝ իրենք են անում: Այս պահին հողերի հարցն ենք ուզում լուծել, հասկանանք՝ ինչ հողեր են, ում են պատկանում, ոռոգման համակարգն ենք ուսումնասիրում, որ հատվածներն է հնարավոր ջրով ապահովել, ինչ քանակով, ինչպես նաև, քանի որ Զեդեան փոքր գյուղ է, ուզում ենք հասկանալ, թե գյուղը որ կողմի վրա կարող է մեծանալ»:
Ծրագրում ընդգրկված են 20 գյուղեր: Հաջորդ մարզը, ուր կգնան Վայոց ձորից հետո, Սյունիքն է: Ընտրվել են մայրաքաղաքից առավել հեռու գտնվող բնակավայրերը:
«Սյունիքի Շիշկերտ գյուղում ընդամենը երեք ընտանիք է բնակվում, պետք է վերաբնակցնել գյուղը, Տավուշում ունենք Աճարկուտ գյուղը, որը տարօրինակ գյուղ է, արոտ չունի, վարելահող չունի, ոչինչ չունի, այդ գյուղն ու նաև մի քանի գյուղեր: Շիրակի մարզում Սարագյուղը կա, վերջին գյուղն է, փակվող գյուղ է, պետք է կանխել փակումը, պետք է թույլ չտալ այդպիսի դեպքեր»:
Ռոբերտ Ղուկասյանի հետ զրույցից ակնհայտ էր, որ նա դժգոհ է ՀՀ մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից: Ասում է՝ շատ հաճախ նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է զարգացնել իրենց համայնքը:
«Կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքը, որ ցույց տանք, թե ի՞նչ կարելի է անել ի օգուտ բնակչության, որովհետև շատ հաճախ տեսնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների համար այդ գործառույթները դեռ հասկանալի չեն, շատ դեպքերում չգիտեն՝ ինչպես կազմակերպել տեղական ինքնակառավարումը»:
Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ շատ գյուղեր են այցելել, որի նպատակն է եղել՝ պարզել, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարում Հայաստանի ժամանակակից գյուղը: Ընտրվել են տարբեր հնարավորություններ ունեցող գյուղեր:
«Կրետերիաները հետևյալն են՝ ընտրել գյուղեր, որոնք իրարից խիստ տարբեր են, ինչը հետո կօգնի մեզ դա մոդելավորել ու կիրառել մնացած համայնքների գյուղերի համար: Կան քիչ հնարավորություններ ունեցողներ, կան շատ հնարավորություններ ունեցողներ, որոնք, սակայն, բնակչությունը չի կարողանում օգտագործել: Զեդեա գյուղը, օրինակ, 3000 հեկտար վարչական տարածք ունի, մի քանի հարյուր հեկտար վարելահող ունի, այնտեղ ապրում է 30 ընտանիք, բայց գյուղն աղքատ է: Ունի գրեթե բոլոր պայմանները լավ ապրելու համար, ուղղակի մարդիկ կազմակերպման ձևը չգիտեն՝ ինչպես անել: Շատ հաճախ չեն համարձակվում արտադրություն սկսել, որովհետև իրենց համար տեսանելի չէ մարքետինգը՝ ինչպե՞ս են իրացնելու ապրանքը, ինչպե՞ս գովազեն, դա նորմալ է»,- ասում է Ռոբերտ Ղուկասյանը:
Վարչապետի խորհրդականը նկատում է՝ արտագաղթն առաջին հերթին՝ անդրադարձել է գյուղերի վրա, դրանց բնակչությունը կտրուկ պակասել է, գյուղերում էլ դեռևս սպասում են, որ պետությունը «կգա», աշխատատեղեր կստեղծի:
«Երբ հարցնում ենք՝ գյուղի զարգացումն ինչպե՞ս եք պատկերացնում, ասում են՝ կարի արտադրամաս ստեղծենք, հաստոցաշինություն լինի, բայց սրանք քաղաքային լուծումներ են: Երբ գնում ենք գյուղեր, գյուղացիներն ասում են՝ տեխնիկա չունենք, որ վանք ունենայինք՝ մեզ մոտ էլ տուրիստ կգար: Սա խանգարում է մտածել, քանի որ յուրաքանչյուր գյուղ ունի առանձնահատկությունը, իսկ ո՞վ գիտեր, որ Խնձորուտում դինոզավրի գոյության նշաններ են հայտնաբերել, շնաձկան ատամներ են հայտնաբերել, սա հետաքրքիր է և կարող էր զբոսաշրջության շատ լավ տարբերակ լինել: Մտածում ենք այնտեղ մեծ գիտահետազոտական կենտրոն կառուցել»,- ասում է նա:
Կալավանի հաջողության օրինակը շատերիս է հայտնի, իսկ կա՞ն այլ գյուղերում նման պատմություններ, որոնց մասին դեռ չգիտենք՝ մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց.
«Իհարկե կան, բայց մի քանի գործոններ նույն պահին նույն կետում պետք է լինեն, ուղղակի ինչ-որ պահի չի ստացվել, հուսահատվել են, հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ չեն ստացվել, ինֆորմացիայի պակաս է եղել , մարդիկ առաջ չեն գնացել: Մեր խնդիրը դա է՝ բացահայտել ներուժը, բացահայտել մարդկանց, բռնել նրանց ձեռքը»:
Ռոբերտ Ղուկասյանից հարցրինք՝ Կալավանում առանց իր օգնության «գլուխ հանո՞ւմ են»:
«Գլուխ հանում են, իհարկե հանում են, չէի ասի, որ ես այնտեղ չեմ՝ ամեն ինչ նույնն է, մի պահ անկում ապրեց, քանի որ ամեն մեկս մեր գործն էինք անում, որ մեկը դուրս է գալիս, տեղը մնում է թափուր, բայց խնդիր չկա, այսօր էլ այնտեղ բազմաթիվ այցելուներ կան, ստացվում է, իմ սպասածից ավելին է ստացվում»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ