Սերժի «վախերը», կամ՝ Նիկոլի «վերջին փամփուշտը»

Ընդհանուր քաղաքական գործընթացները, որոնց ականատես ենք լինում վերջին մեկուկես տարվա ընթացքում, հիշեցնում են մի իրավիճակ, երբ բոլորը պայքարում են բոլորի դեմ, կամ այլ ձևակերպմամբ՝ իշխանությունները նախորդների ձեռքբերումների համար պատասխանատու են և բավականին ոգևորված իրենց են վերագրում տարիներ առաջ սկսված նախագծերի դափնիները, իսկ քաղաքական պատասխանատվության համար մեղավոր նշանակված է նախորդ «քերաօլիգարխիկ վարչախումբը»։

Ունենք իրավիճակ, երբ անընդհատ տարբեր առիթներով գործող իշխանությանը սատարող լրատվամիջոցները շրջանառում են այն պնդումը, թե՝ «2018-ի մայիսից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը չեն կարողանում լծվել ՀՀ զարգացման հստակ տեսլականին, քանի որ դավադիր ուժերն ու 5-րդ շարասյունը խանգարում են ամեն հարցում»։

Զավեշտալին այն է, որ նման նաիվ ձևակերպումները հանրության մեծ մասի մոտ արդեն ժպիտ են առաջացնում, քանի որ հասկանում են, որ ներկայիս իշխանությունն ամբողջովին տապալել է հանրային կառավարումը, և ժողովրդի առաջ ստանձնած պարտականությունները կա՛մ չի կատարում, կա՛մ ուղղակի մանիպուլյատիվ հնարավոր տարբերակներով փորձում է դուրս գալ իրավիճակից։ Ն. Փաշինյանի մեծագույն բարդույթն այն է, որ չի կարողանում թոթափել իր երբեմնի ընդդիմադիրի կեցվածքը և գիտակցել, որ ներկա պահին երկրի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, այլ ոչ թե «մեղավոր են սևերը», կամ՝ ասենք, «աղքատությունը ժողովրդի գլխի մեջ է»։

Նա չի կարողանում իր՝ քննադատողի կեցվածքը փոխարինել երկրի ղեկավարի «գլխարկով» և պետականամետ ու կենտրոնաձիգ քաղաքականություն վարել։ Անշուշտ, Նիկոլի համար հեշտ է շարքային Պողոսին համոզել, որ այսօրվա քաղաքական անհաջողությունների համար մեղավոր են Սերժն ու նրա կողմից ստեղծված «բանդան», որը «տարիներ շարունակ կեղեքել է նույն Պողոսին», իսկ թե որքան ժամանակ կպահանջվի Պողոսից՝ դուրս գալու այդ լեթարգիական քնից, դեռևս անհասկանալի է, քանի որ իշխանություններն օր օրի նոր տեսարան են մատուցում «պողոսակրատիային»՝ ցույց տալով, թե ինչքան լավ են իրենք աշխատում՝ հերթական «միլիոնը» պետբյուջե վերադարձնելով։

Հիմա արդեն Սերժի մասին։ Հանրության համար հավանաբար գաղտնիք չէ, որ Փաշինյանն ունեցել է մանկության երկու երազանք՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին, ձերբակալել Սերժ Սարգսյանին։ Առաջին երազանքը մասամբ իրականացել է, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում պատկերը լրիվ այլ է։

Ամիսներ առաջ տեղեկատվական արտահոսք եղավ, որ հնարավոր է՝  առաջիկայում ձերբակալեն ՀՀ երրորդ նախագահին, սակայն տեղի ունեցած տեղեկատվական գրոհի դեպքում, Փաշինյանն այդ փուլում որոշակի առումով տեղի տվեց։ Չնայած փաստն այն է, որ Սերժը Փաշինյանի վերջին փամփուշտն է, և այն օգտագործելով՝ նա բացահայտ կանգնում է լուրջ խնդրի առաջ։ Հոկտեմբերի 30-ին, «Անդրանիկ Մարգարյանի» քաղաքական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունից հետո նրանցից մեկի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ինչպես հայտնի է՝ ոչնչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988-ից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասի համար։ Բայց տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով՝ մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:

Իր խոսքում Սարգսյանը բացահայտ ակնարկում է, որ իր ձերբակալմամբ Փաշինյանը ոչինչ չի ստանալու, բացի հերթական ժամանակավոր տեսարանից, որից հետո նա կանգնելու է Պողոսի առաջ ձեռնունայն, քանի որ այլևս չի կարողանալու պատասխան տալ, թե հիմա ո՞վ է մեղավոր իր շարունակական ձախողումների համար, երբ Սերժն արդեն իսկ ձերբակալված է։ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանը վարչապետ Փաշինյանին բացահայտ հորդորում է, որ՝ նախ փորձիր իրականացնել այն խոստումները, որոնցով ժամանակին հրապարակներ էիր լցնում։ Քաղաքական ազատության համար մեծ սպառնալիք է առաջանում այնտեղ, որտեղ պոպուլիստ-առաջնորդները հանդես են գալիս՝ որպես «սովորական մարդկանց» հիմնական պաշտպաններ՝ համոզելով ընտրողներին, որ «ժողովրդի շահերի համար» թույլատրելի է «քաղաքական իսթեբլիշմենտի» վերակառուցումն ու առկա կանոնների ոտնահարումը։

Համապատասխան հայտարարությունները հաճախ ուղեկցվում են հանրաքվե անցկացնելու պահանջներով։ Այդ հանրաքվեների շնորհիվ, սակայն, ընտրված ներկայացուցիչները կարող են հրաժարվել իրենց պարտականությունների կատարումից՝ ժողովրդի ուսերին բարդելով տհաճ խնդիրներ լուծելու պարտավորությունը։ Եթե որոշ հարցերի վերաբերյալ նման հանրաքվեները մտնեն առօրյա քաղաքական կյանք, հնարավորություն է առաջանում կադրային հարցերի լուծման և նույնիսկ մանիպուլյացիաների համար՝ անձնական իշխանական ամբիցիաներն օրինականացնելու նպատակով։ Նման քաղաքականությունը կոչվում է «պլեբիսցիտար ցեզարիզմ», որը հիմնված է զանգվածների համաձայնության վրա, այսինքն՝ ժողովրդի և առաջնորդի կամքերի նույնականացման սկզբունքի վրա։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս