Ինչու է Հայկական բանաձևը Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրվել հենց այս օրերին. թուրք վերլուծաբան
Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին քննարկման և քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևը: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն իր թվիթերյան էջում օրերս գրել էր. «Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի պատմական քվեարկություն կկայանա: Ամերիկան պետք է դեմ հանդես գա մարդկության դեմ հանցագործություններին, առավել ևս, որ Թուրքիան Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ զտմամբ է սպառնում»:
Հայկական հարցերով հանձնաժողովի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, որը 1.5 մլն հայի կյանք է խլել, արձանագրվել է նաև այդ ժամանակվա ամերիկացի դիվանագետների կողմից:
«Բազմաթիվ ամերիկացիներ տեղյակ չեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ինչպես նաև ԱՄՆ-ի մարդասիրական ջանքերի մասին, որոնց արդյունքում բազմաթիվ կյանքեր են փրկվել: Հիմա, երբ Թուրքիան հյուսիսային Սիրիայում արշավ է սկսել, որի արդյունքում հարյուրավոր քաղաքացիական անձինք են սպանվել և տեղահանվել, կարևոր է, որպեսզի Ներկայացուցիչների պալատը հստակ և ուղիղ խոսի մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել և՛ անցյալում, և՛ մեր օրերում»,- ասվում է հայտարարությունում:
Տարածված տեքստում նաև ասվում է, որ այս շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են հստակ արտահայտվել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով ամերիկյան 49 նահանգներին և ԱՄՆ մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարևոր քայլը:
168.am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հնարավոր համարում է՝ ինչպես բանաձևի հաստատումը, այնպես էլ՝ մերժումը: Նրա կարծիքով՝ այն, որ բանաձևը հասել է լիագումար նիստ, հայկական կազմակերպությունների ջանքերի, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համադրման արդյունք է: Աքթարի խոսքով, եթե բանաձևն ընդունվի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության կողմից, կարելի է համարել մեծ ձեռքբերում հայկական կողմի համար, քանի որ նման բանաձև ըստ էության չի եղել բավականին երկար ժամանակ, և դա բավականին կարևորվում է Հայաստանի կողմից:
«Չեմ կարող պնդել, թե սա կարող է համարվել լուրջ ճնշում Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, բայց ճնշման գործիքակազմի ցանկում այս հարցը դիտարկվում է, և քվեարկությունը հենց ներկայիս փուլում պատահական չէ: Կարծում եմ՝ բանաձևը կազմողներն այն շրջանառության մեջ են դրել հենց այս օրերին՝ հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ստեղծված իրավիճակը Թուրքիայի սիրիական վերջին ռազմական օպերացիայից հետո, երբ Ռուսաստան-Թուրքիա համաձայնությունից հետո ԱՄՆ-ը հրաժարվեց պատժամիջոցների մտքից, բայց փոքր կսմիթներ Միացյալ Նահանգներից կլինեն, որոնք կունենան թե ուղղորդված բնույթ, թե նաև հակառակը՝ կլինեն շրջանակներ, որոնք կօգտվեն հարաբերություններում ստեղծված անբարենպաստ մթնոլորտից: Կարծում եմ, որ սա Թուրքիայում կնկատեն, բայց Թուրքիայի իշխանությունների քաղաքական ողջ ներուժն ուղղված է Սիրիային, թեև Թուրքիայի իշխանությունները չեն մոռանում այս ընթացքում հիշել բոլոր այն երկրներին, որոնց հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում ռեկորդներ են գրանցել»,- ասաց Ջենգիզ Աքթարը:
Վերջինիս կարծիքով՝ առանձնապես մեծ ուշադրության չպետք է արժանացնել այս օրերին Թուրքիայից հնչող սուր հռետորաբանությունը: «Մերձավորարևելյան թեմատիկայի և քրդերի դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի իշխանությունները շատ հայտարարություններ են անում, որոնցում հեռահար մտադրություններ և ծրագրեր փնտրելը միտք չունի»,- ասաց թուրք վերլուծաբանը: