«Նրանց այցը Հրայր Թովմասյանի հայրական տուն համարում եմ ճնշում». Ժաննա Ալեքսանյանը՝ իրավապահների գործողությունների մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանում իրավապահ մարմինները բացարձակապես չեն վերափոխվել, աշխատում են նույն ոճով, ինչպես աշխատել են նախորդ իշխանությունների ժամանակ։

«Իրենց այդ անօրինական գործելաոճից չեն ցանկանում հրաժարվել, եթե նույնիսկ ցուցում են ստացել։ Գոյություն ունի ծանուցագիր, մշակված կանոնակարգեր, որով պետք է առաջնորդվեն իրավապահ մարմինները։ Այո, նրանց այցը Հրայր Թովմասյանի հայրական տուն համարում եմ ճնշում։ Չի կարելի մարդկանց, ամբողջ ընտանիքին դնել ճնշման տակ, եթե ունեն ապացույցներ, ապա ի՞նչ կարիք կա, որ գնան և սկսեն ճնշել հարազատներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանն իրականացրած գործողություններին։

Ըստ իրավապաշտպանի, Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող այս գործողությունները կասկածի տակ են դնում այն ապացույցները, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները պետք է դադարեցվեն.

«Այսինքն, եթե կան ապացույցներ, ապա ի՞նչ կարիք կա՝ գնան ու ճնշեն հարազատներին։ Այս ամենը կասկածի տակ է դնում ապացույցների հզորությունը։ Եթե ունեն հզոր ապացույցներ, ապա կարիք չկա ավելորդ գործողությունների։ Այս գործելաոճն ու փնթի աշխատանքը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, որ այս քայլին իշխանությունները գնում են իրենց անճարությունից»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հայրական տանը, որը գտնվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, մոտավորապես մեկ ժամից ավելի գործողություններ է իրականացրել, որի ընթացքում ԱԱԾ աշխատակիցները Հրայր Թովմասյանի հորից հետաքրքրվել են, թե երբ է տան կտուրը վերանորոգել, որքան գումար է ծախսել, և այլն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս