Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները. Sputnik Արմենիա
Միջոցառումների ժամանակ մասնակիցները դասախոսություն կլսեն վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին, կկարողանան մասնակցել վարպետության դասընթացների։
Հայ դպրոցականները երկու օրվա ընթացքում` հոկտեմբերի 15-ին և 16-ին, «Վիրտուալ և լրացված իրականության օրեր» կրթական նախագծի շրջանակում կկարողանան դասախոսություններ լսել և գործնական առաջադրանքներ կատարել ծրագրավորման, VR/AR նախագծերի ստեղծման վերաբերյալ։
«Աշխարհագրությունը մեծ է` վեց երկիր։ Առաջինը Հայաստանն է, և մենք ուրախ ենք դրա համար»,– Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց «Կրթական նորարարությունների ոլորտում պրոֆեսիոնալների» միության կրթական նախագծերի ղեկավար Եվգենի Անտոնովը։
Նրա խոսքով` դպրոցականները և ոչ միայն նրանք կկարողանան բոլորովին անվճար մասնակցել միջոցառումներին, որոնք կանցկացվեն Երևանի «Քվանտ» և Գյումրու «Ֆոտոն» վարժարաններում։ Կրթական մասից բացի, ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան աշխատելու 3D մոդելի ստեղծման վրա, ուղարկել մրցույթի և արժեքավոր մրցանակներ ստանալ։
Լսարանի ուսումնասիրման կենտրոնի, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ նոր մեդիաների տնօրինության ղեկավար Աննա Ռուդիցերն իր հերթին պատմեց, որ նախագծի իրականացման ժամանակ գործակալությունը կադրային խնդիր է ունեցել, քանի որ լրագրողական կոնտենտի և խաղերի մշակողները միշտ չէ, որ հասկանում էին, թե ինչպես են աշխատում երկու ինդուստրիաները։
Նախագիծը կարևոր է հենց նրանով, որ օգնում է դպրոցականներին ուսումնասիրել ոլորտը և իրենց ինքնազարգացման հեռանկարները, կարծում է նա։
«Մենք կպատմենք, թե ինչպիսին կարող է լինել ապագայի մասնագիտությունը, ինչով նրանք կկարողանան զբաղվել, ինչ է պետք գործատուին, ինչպես ենք փոխգործակցում թիմի ներսում, և ցույց կտանք նախագծերը. գուցե նրանք ոգեշնչվեն», – նշեց նա։
«Կիբեռ երկիր» վարչության նախագահ Ռոման Պովոլոցկին խնդիր է դնում ոչ թե զարմացնել երեխաներին, այլ ոգեշնչել։ Նա նշեց, որ ինքն էլ խաղեր խաղացող դեռահաս է եղել, և դա օգնում է իրեն ընդհանուր լեզու գտել երեխաների հետ։ Պովոլոցկին նկատեց, որ համակարգչային խաղերի, վիրտուալ իրականության և արհեստական բանականության շուկան նոր է ձևավորվում։
Նրա խոսքով` եթե երեխաները ներգրավված լինեն գործընթացի մեջ այսօր` ապագայում պահանջված մասնագետներ կդառնան։«Նրանց առջև բարդ խնդիր է դրված. ինչ դառնալ։ Ուզում եմ պատմել` ինչպես երջանիկ մարդ լինել, հաճույք ստանալ աշխատանքից և լավ վարձատրվել։ Հայաստանը հիանալի երկիր է, որտեղ երեխաները չեն տարբերվում ամբողջ աշխարհի երեխաներից, և կարող են ամենաժամանակակից կրթությունը ստանալ», – ընդգծեց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։