«Մենք մինչ այժմ չենք լսել, որ Ադրբեջանի նախագահն օգտագործի «ժողովուրդ» բառը». ԱԳՆ խոսնակ

«Խնդրից մենք տեղյակ ենք: Վրաստանում մեր դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ, խնդիրն ու խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են վրաց գործընկերներին: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Եվ երբ որ դա տրվի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- անդրադառնալով epress.am կայքի լրագրողների՝ Վրաստան մուտքի արգելքի հարցին՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Խոսելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օրակարգից՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ այսօր և վաղը տարածաշրջանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր Հայաստանից հետո մեկնելու են Արցախ:

«Հոկտեմբերի 21-ին Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև կայանալու են խորհրդակցություններ փոխնախարարների մակարդակով, հոկտեմբերի 28-ին նախատեսված է հանդիպում՝ Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարևայի պաշտոնական այցը Հայաստան, իսկ հոկտեմբերի 30-31-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոնակոյում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին»,- տեղեկացրեց ԱԳՆ խոսնակը:

Իլհամ Ալիևի՝ «Վալդայի» համաժողովի ընթացքում հնչած հայտարարությունների մասին հիշատակելով, երբ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար», ասաց, որ Ղարաբաղում ժողովուրդ չկա, այնտեղ սոսկ բնակչություն է, հարց հնչեց, թե ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունն անվանում նրանց, ի՞նչ դիրքորոշում կա՝ ժողովո՞ւրդ, թե՞ բնակչություն:

«Չէի ցանկանա խորանալ՝ ժողովո՞ւրդ, թե՞ բնակչություն եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակությունում բնակչությունը նաև ժողովուրդ է, և հակառակը: Ես Ադրբեջանի նախագահի միայն մեկ հայտարարության հետ կարող եմ ամբողջությամբ համաձայնել, երբ նա ասաց, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Լավրովի՝ Ղարաբաղի հարցի փակուղային իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը, ԱԳՆ խոսնակը նշեց, որ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, բայց ինքը պետք է ասի, որ այս իրավիճակը նոր չէ:

«Մենք հերթական անգամ լսում ենք Ադրբեջանի առավելապաշտական արտահայտությունները: Մենք մինչ այժմ չենք լսել, որ Ադրբեջանի նախագահն օգտագործի «ժողովուրդ» բառը: Այնինչ խաղաղությունը հաստատվում է ժողովուրդների միջև և ժողովուրդների կողմից: ՀՀ վարչապետը միշտ խոսում է ժողովուրդների մասին»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը թույլ չի տալու Արցախում նոր վայրագություն ու ոտնձգություն:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերջին զրույցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց, որ երկու երկրների ղեկավարները միմյանց կողքի հայտնվել են այբբենական կարգով նստելու արդյունքում, և ամբողջ ճաշի ընթացքում զրույց է եղել նրանց միջև:

«Հայկական կողմը մշտապես քաղաքավարության բոլոր կանոնները պահպանել է, և այդ շփումները հենց այդ տրամաբանության մեջ են եղել»,- նկատեց Աննա Նաղդալյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս