«Ուզում ենք՝ վաղը բոլոր լրատվամիջոցներով գրեն՝ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենալավ ղեկավա՞րն է, ամենաճաճանչափա՞յլը, ամենաինտելեկտուա՞լը, ամենաբարձրահասա՞կը, ամենաարդա՞րը». Սաթիկ Սեյրանյան
«Ես շատ զարմացա, որ այդ երիտասարդները եկել էին «Հայելու» խմբագրություն և մինչ այդ՝ գործողություններ չէին կատարել Կառավարության շենքի առջև կամ, օրինակ, Բաղրամյան 26-ի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ այնտեղ էր նստում, ով 2018 թվականին սեպտեմբերին առաջին անգամ հանդիպելով Ալիևին՝ ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն էր թողել իր վրա»,- անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա հարձակմանը՝ նշեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Նա հավելեց, որ չի դիտարկում խնդրի մասնագիտական կողմը՝ ինչո՞ւ է «Հայելին» իր հրապարակմանն այդ վերնագիրը դրել, այն լավ է կամ վատ է, այլ խնդիրն այն է, թե ինչու է կարելին դառնում չի կարելի՝ ըստ անհրաժեշտության. «Ստացվում է, որ նրան կարելի է դա ասել, նրան կարելի է նման բառապաշարով ելույթներ ունենալ, նրանց լրատվամիջոցում կարելի է տարբեր երկրների ղեկավարների հասցեին հանդես գալ, և ոչ միայն՝ Ադրբեջանի (ընդ որում` Ադրբեջանի նկատմամբ երբեմն ավելի զուսպ են հանդես գալիս, քան այլ երկրների ղեկավարների), բայց այլ լրատվամիջոցի, որևէ այլ մեկին չի կարելի»:
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահը նկատեց նաև, որ հասարակությունը պետք է հասկանա լրատվամիջոցների դերը, լրագրողի ծանր աշխատանքը.
«Այսօր և՛ լրատվամիջոցներն են թիրախավորվում, և՛ նրանց զրուցակիցները. շատ հաճախ տարբեր ոլորտների լավ մասնագետներ խուսափում են խոսել, կարծիք արտահայտել, որովհետև վախենում են այն հայհոյանքների տարափից, այն անձնական վիրավորանքներից, որոնք ցանցերում ուղղվում են իրենց դեմ: Սա շատ վտանգավոր երևույթ է. ուզում ենք՝ վաղը բոլոր լրատվամիջոցներով գրեն՝ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենալավ ղեկավա՞րն է, ամենաճաճանչափայլը, ամենաինտելեկտուալը, ամենաբարձրահասակը, ամենաարդա՞րը… դրա՞ն ենք ուզում հասնել, դրա՞ն ենք ձգտում։ Ձգտում ենք, որ վե՞րջ տրվի բազմակարծությանը»:
Ս. Սեյրանյանը խորհուրդ տվեց չբացել, չընթերցել լրատվամիջոցը, եթե համամիտ չեն այնտեղ հնչեցվող կարծիքի, հրապարակումների հետ, բայց երբեք չի կարելի խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը, բազմակարծությանը.
«Եթե բազմակարծություն չլինի, մենք ունենալու ենք լրատվամիջոցներ, որոնք միայն իշխանությունների գովքն են անելու: Իշխանությունները, բնականաբար, սա են ուզում՝ իրենց քայլերը դրա մասին են վկայում: Իրենք ուզում են միայն գովք, չեն ուզում այլակարծություն, չեն ընդունում բազմակարծություն»:
Անդրադառնալով պարբերական սպառնալիքներին՝ նա նկատեց.
«Չե՛նք վախենում, խնդիրը սա չէ. մենք՝ լրագրողներս, փափուկ կյանքի սովոր չենք, մենք հարվածներ ենք կրել, ամեն ինչ տեսել ենք: Ուզում է՝ ձվերով գան, լոլիկով կամ այլ բանջարաբոստանային մթերքով, դա մեզ չի վախեցնում, խնդիրն այն է, թե այս տենդենցն ուր է տանում. ուզում ենք այս ստի մե՞ջ ապրել, ինքներս մեզ խաբե՞լ»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Հիշեցնենք նաև, որ Ժուռնալիստների միության նախագահը նշել էր, որ կատարվածը համարում է քաղաքական ակտ՝ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ Անժելա Թովմասյանը նրա քույրն է:
Զարուհի Դիլանյան