«Մենք երևի պիտի փառք տանք՝ զենք չի հանել, չի կրակել». Մեդիափորձագետը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին

«Պանդորայի արկղը բացվում է»,- այսպես արձագանքեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հարցազրույցին:

Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում տեղ գտած քննադատություններին՝ ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Ըստ մեդիափորձագետի՝ եթե համապատասխան արձագանք չլինի, այս պահվածքը կարող է ապագա իշխանությունների կողմից կիրառվել նաև ներկա իշխանությունների հանդեպ, քանի որ Հայաստանի պատմությունը դա ապացուցում է:

«Ես այլ բան Անդրանիկ Քոչարյանից չէի սպասում. ինքը ՀՀՇ-ի վառ ներկայացուցիչ է ՝ այդ բառապաշարը, այդ պահելաձևը…, մենք երևի պիտի փառք տանք՝ զենք չի հանել, չի կրակել: Մարդ կարող է ՀՀՇ-ից դուրս գալ, բայց ՀՀՇ-ն երբեք մարդուց դուրս չի գա»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս