«Դիմումը վարույթ ընդունելով` ՄԻԵԴ-ն ընդունեց Սահմանադրական դատարանի օրինականությունն ու լեգիտիմությունը». սահմանադրագետ
Այսօր Սահմանադրական դատարանի կայքէջում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, որը ՍԴ էին ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել` այս տեղեկությունն առհասարակ ինչ նշանակություն կարող է ունենալ ստեղծված իրավիճակում։
«Սա երկակի նշանակություն ունի։ Առաջին հերթին` այս դիմումը վարույթ ընդունելով` ՄԻԵԴ-ն ընդունեց Սահմանադրական դատարանի օրինականությունն ու լեգիտիմությունը, և երկրորդ` այն արհեստական աղմուկը, որ բարձրացրել էին քաղաքական իշխանությունը և նրանց հարող իրավաբանները, ևս մեկ անգամ հիմնավորվեց, որ հիմնազուրկ էր»,- ասաց Գոհար Մելոյանը` հիշեցնելով, որ թեմայի հետ կապված բազմաթիվ ելույթներ եղան այն մասին, որ ՍԴ-ն ընթացակարգային խախտմամբ է դիմել ՄԻԵԴ։
Սակայն փաստորեն, ըստ սահմանադրագետի՝ որևէ խախտման մասին խոսք չէր կարող գնալ, քանի որ 2018 թվականին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրությունը հստակ ընթացակարգ էր սահմանում, որ Բարձր դատարանները կարողանան դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։
«Պետք է ընդգծել, որ բարձրացված աղմուկը, բացի արհեստական լինելուց, նաև տարօրինակ էր, քանի որ ըստ էության սա պետք է նաև իշխող թիմին ձեռնտու լիներ՝ տվյալ գործի շրջանակներում նման միջազգային հեղինակավոր կառույցի, ինչպիսին ՄԻԵԴ- ն է, եզրակացությունը ստանալ։ Ու, բացի դրանից, այդ եզրակացությունն ամեն դեպքում վերջնական ու իմպերատիվ չէր լինելու, այլ ունենալու էր զուտ խորհրդատվական բնույթ, որից ՍԴ-ն կարող էր օգտվել տվյալ գործի շրջանակներում վերջնական որոշում կայացնելիս»,- նշեց Գոհար Մելոյանը։
Հարցրինք նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այսօրվա հայտարարության, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին իր հարցով լսումներին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հրավերի ու դրա ժամկետի մասին։
«Ըստ կարգի` Հրայր Թովմասյանը, որպես կողմ, պետք է հնարավորություն ունենար մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշման նախագծի քննարկմանը՝ ինչպես գլխադասային հանձնաժողովում, այնպես էլ՝ լիագումար նիստում, սակայն հրապարակված հրավերի մեջ նշված էր հոկտեմբերի 24 ամսաթիվը»,- տարակուսել է սահմանադրագետը:
Նա կարծում էր, որ, բնականաբար, հաջորդիվ իշխող ուժը դա կպատճառաբանի տեխնիկական վրիպակով, սակայն ինքը վստահ է, որ հիմնական նպատակը եղել է միակողմանի քննարկում անցկացնելը, ինչը ևս մեկ անգամ փաստում է տվյալ գործընթացի` քաղաքական բնույթ ունենալը, այլակարծությունը լսելու ցանկությունից հրաժարվելը, ինչը նաև նմանատիպ արհեստական եղանակներով է իրականացվում։
«Կարելի է փաստել, որ սրանով գործող քաղաքական ուժն ընթացակարգ է խախտում և չի ապահովել կողմի` գործին մասնակցության իրավունքը և իր տեսակետի ներկայացումը, օրինակ, հանձնաժողովի նիստի շրջանակներում»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ