«Երկակի հաճելի է այսօրվա նիստը». Մեկնարկեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը
Քիչ առաջ Երևանի նախագահական նստավայրում մեկնարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ: ԵԱՏՄ խորհրդի նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի, Հայաստանի համար նիստի անցկացումը Երևանում էական իրադարձություն է, ուստի հայկական կողմն ուրախ է հյուրընկալել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել Բարձրագույն խորհրդի նիստը՝ դրանով իսկ իր հերթական ներդրումն ունենալով եվրասիական ինտեգրացիայի հետագա խորացման հարցում: «Բազմիցս ընդգծել եմ, որ մենք նպատակաուղղված ենք ԵԱՏՄ-ում մաքսիմալ արդյունավետ մասնակցությանը՝ միաժամանակ ջանքեր ներդնելով գործընկերության կատարելագործման և արդյունավետ գործարկման հարցում ինտեգրացիոն տարածքում:
Օրակարգային հարցերին անցնելուց առաջ ցանկանում եմ նշել, որ մեզ համար երկակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ դրան, ինչպես գիտեք, մասնակցելու են երկու երկրների ղեկավարներ՝ ԻԻՀ նախագահն ու Սինգապուրի վարչապետը, որոնց հետ մեր միությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերություններ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ այդ հանգամանքի շնորհիվ այսօրվա հանդիպումն ավելի առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում: Փաշինյանը պտղաբեր աշխատանք մաղթեց, և նիստը շարունակվեց ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խորհրդի անդամները դիտարկելու են ԵԱՏՄ գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները, հստակեցնելով ԵվրԱզԷս-ի միացյալ շուկայի ավելի լավ աշխատանքի համար խնդիրները, ընդլայնելով համագործակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում: ԵԱՏՄ ղեկավարների հաստատմանն է ներկայացվելու միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան, ԵՎրԱզԷս-ի բյուջեն հաջորդ տարվա համար և մի շարք որոշումներ օրենսդրության, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում ներդաշնակեցման համար: Համաձայնեցվելու են նաև միության 2020 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Բացի դրանից, ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրում է նախատեսվում ԵվրԱզԷս-ի և Սինգապուրի միջև: