Երբ արդարադատությունը ծառայում է «բարձրյալին»

Պետությունների գոյության վաղ շրջանում կառավարումը գործնականում իրականացվում էր միանձնյա անսահմանափակ իշխանության, ավանդույթների, հավատի և այլ նորմերի հիման վրա: Պետության մեջ, նրա տարածքում բացակայում էր մարդկանց իրավունքների հավասարության հնարավորությունը: Որպես միանձնյա կառավարմանը և կամայականությանը հակակշիռ` ժողովրդի մեջ ծագել է օրենքի իշխանության մասին միտքը:

Կարող ենք փաստել, որ իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման և գործառնության այնպիսի տիպ է, որի դեպքում պետությունը, սոցիալական ընդհանրությունները և առանձին անհատը գտնվում են միևնույն հարաբերության մեջ: Այս դեպքում իրավունքը հանդես է գալիս՝ որպես պետության, հասարակության և անձի փոխադարձ կապի միջոց։

Իրավական պետության կայացման և կատարելության համար առանցքային է դատաիրավական համակարգի կայունությունն ու անկախությունը՝ որպես կայացած ժողովրդավարական պետության երրորդ առանձին ճյուղ։ Սա առանցքային փաստ է յուրաքանչյուր ժամանակակից դեմոկրատական արժեք կրող պետության համար։

Գործող իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր տարիներին տևական ժամանակ քննադատել է ՀՀ դատաիրավական համակարգը ու բարձրաձայնել «զանգովի արդարադատության» ու «ընտրովի արդարադատության մասին», ու հանրության մոտ այնպիսի տպավորություն էր, թե նրա՝ իշխանություն դառնալուց հետո Հայաստանում ստեղծվելու է դասական դատաիրավական կայացած համակարգ՝ իր բոլոր համապատասխան տարրերով, սակայն, ինչպես մյուս բոլոր բնագավառներում, այստեղ նույնպես մենք տեսնում ենք ակնհայտ ռեգրես։

Նախ իր հրապարակային հայտարարություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռևս հանրության հիշողության մեջ վառ մնացած այն միտքը, թե՝ «խի Հայաստանում ըտենց դատավոր կա՞, որ ես զանգեմ, ու իմ ասածը չանի»։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանն իր որդեգրած ժողովրդավարությունում ունի ակնհայտ վերապահումներ։ Մյուս բացահայտ դեմարշը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հետ կապված՝ Դավիթ Գրիգորյանի հայտնի որոշմանը հաջորդած համաիշխանական բունտն էր, որի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչները, Փաշինյանի անմիջական մասնակցությամբ ու ուղղորդմամբ, շրջափակեցին ՀՀ-ում գործող բոլոր դատարանները։ «Զարմանալիորեն» այս փաստը ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից ոչ մի ադեկվատ արձագանքի չարժանացավ, և ոչ մի քրեական գործ այս առիթով չհարուցվեց։ Իշխանություններն իրենց հերթին՝ սա մեկնաբանեցին՝ որպես «ուղղակի նոմինալ ակցիա»՝ իր մեջ ոչ մի լուրջ միտում չհետապնդելու հիմնավորմամբ։

Թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա, սակայն օրերս ականատես եղանք ընտրովի արդարադատության հերթական դեպքին, երբ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը բերման ենթարկվեցին, ապա նաև ձերբակալվեցին այն բանի համար, որ հանդգնել էին փողոցում քայլող դատավոր Աննա Դանիբեկյանին, ով նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակման ՍԴ որոշմանը դեմ գնացած և նոր որոշում կայացրած դատավորն էր, հարցադրում էին կատարել, թե «արդյո՞ք նա էլ է պատկանում այն դատավորների թվին, ովքեր վնգստում են իշխանությունների պատերի տակ, թե՞ ոչ» (հիշեցնենք, որ այս ձևակերպումը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, երբ նա նման կերպ էր արտահայտվել «նախկին քրեաօլիգարխիկ» համակարգի դատավորների մասին՝ ասելով, թե բոլորը հերթ էին կանգնում Բ26-ում, որպեսզի իշխանություններից հստակ ուղղորդում ստանան)։ Այսինքն՝ ողջ դատարանները շրջափակելու հետ կապված, որևէ տարօրինակ ու հակաօրինական գործողություն իրավապահների կողմից չի նկատվել, իսկ երբ երկու երիտասարդ դատավորին փողոցում դիմում են որոշակի, թեկուզ՝ կոշտ, հարցադրմամբ, դա արդեն անարգանք է մի ամբողջ իշխանության ճյուղի նկատմամբ։

Փաստացի ունենք այնպիսի իրավիճակ, երբ Փաշինյանը մարդկանց աչքին «թոզփչոցիով» է զբաղված, իր խոսքերով ներկայացրած՝ դատավորներին ցուցումներ տալով։

Եթե այս ամենին գումարենք, թե ինչ կոնկրետ տոտալ տակտիկա է ընթանում ՍԴ-ի նկատմամբ, որը ներկայումս միակ կառույցն է, որը փաստացի չի ենթարկվում Փաշինյանին և պահպանում է իր ինքնուրույնությունը, ապա ողջ համակարգի պատկերը դառնում է ամբողջական և կոլորիտային։

Արդեն ապացուցման կարիք չկա, որ իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ բացահայտ ոտնձգություններ են կիրառում՝ նրան այդ համակարգից հեռացնելու համար, անգամ դիմում են տարբեր ստոր մեթոդների՝ նրա սանիկների նկատմամբ գործեր «կարելով»՝ Թովմասյանին ցավեցնելու համար։ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի կանգնելու ոչ մի խոչընդոտի առաջ և հասնելու է իր բաղձալի նպատակին՝ Թովմասյանին ՍԴ պատերից հեռացնելուն։ Թովմասյանը Փաշինյանի համար բավական լուրջ «ոսկոր» է, քանի որ ՍԴ-ում գտնվելով՝ նա բացահայտ արգելք է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման որոշման, Քոչարյանի կալանքի նկատմամբ վերջնական դիրքորոշում ունենալու, ՀՀ-ում Սահմանադրական հանրաքվե անցկացնելու «փառատոներն» ընդունելու համար։

Իրավական պետության ստեղծումը կարևոր փուլ է մարդկանց իրավահավասարության, նրանց իրավունքների ու ազատությունների ընդլայնման գործում: Այդ խնդրի լուծումը պահանջում է օրենքը դարձնել հասարակական կյանքի բոլոր կողմերի կառավարման վճռական միջոցը, հասցնել հասարակությունը այնպիսի վիճակի, երբ օրենքին հետևելը  ավելի շահավետ լինի, քան այն խախտելը:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս