«Արդյո՞ք նույն ոստիկանությունը նման հրատապությամբ միջոցներ ձեռնարկեց». Արամ Վարդևանյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: Գործի շրջանակում ձերբակալվել է 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Նա մասնավորապես հարցրել է, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»:
Թեմային անդրադառնալով՝ 168.am-ի հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ ձերբակալության որոշման իրավաչափության տեսանկյունից խնդիրներ է տեսնում, բայց կարևորում է ցանկացած դատավորի նկատմամբ հարգալից վերաբերմունքը:
«Խոսքն այնպիսի արարքի մասին է, որի դեպքում նույնիսկ կալանավորումը` որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել, սանկցիան արարքի՝ ազատազրկումը մեկ տարի ժամկետով չի գերազանցում, հետևաբար, նման իրավիճակն իրենից ենթադրում է հանրային վտանգավորության ոչ բարձր աստիճան (քրեաիրավական տերմինային ձևակերպումներն եմ ասում)` այդ պարագայում ի՞նչն է անհրաժեշտությունը՝ ձերբակալելու, ո՞րն է դրա պատճառաբանությունը:
Այսինքն, ենթադրվում է, որ այդ անձինք կատարել են այնպիսի արարք՝ նախատեսված Քրեական օրենսգրքով, որի համար հնարավոր պատիժը, եթե լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, չի կարող գերազանցել ազատազրկումը մեկ տարուց ավելի: Այդ ինչո՞վ է պայմանավորված հենց ձերբակալելու որոշում կայացնելը. այնտեղ, կարծես թե, թաքնվելու կամ ըստ պահանջի չներկայանալու խնդիր չկար: Ես հաղորդագրությունը ուսումնասիրում եմ ՝ ներկայացվել է, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերելու և այլն, բայց, կարծես թե, այդ ամեն ինչը Ֆեյսբուքով, համացանցով հասանելի էր: Անհրաժեշտությունը նման որոշման համար անհասկանալի է»,- ասաց նա:
Դատարանների ու դատավորների նկատմամբ հարգալից վերաբերմունքի շուրջ փաստաբանը գնահատականներ հնչեցրեց՝ հիմնվելով վերջին շրջանում դատական համակարգում տեղի ունեցած իրադարձությունների մի քանի դրվագների վրա.
«Նախագահությամբ Ազարյանի՝ դատական ակտ, որն իրենց ենթադրում էր օբյեկտիվ իրականություն՝ գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ վերլուծություն, և դրանից հետո ծայրահեղ մեծ ճնշումներ դատարանների նկատմամբ, մեծ վիրավորանքների ծավալ: Ո՛չ ԲԴԽ-ն գնահատական տվեց, ո՛չ իրավապահ մարմինները, և այլն:
Դավիթ Բալայանի դեպքն այնքան ակնհայտ էր. նրա կատարմամբ ոչ միայն ֆիզիկական միջոց էին կիրառել՝ ձեռքից քաշել էին, գցել էին գետնին, նաև վիրավորել էին, համացանցում բազմաթիվ իրական և կեղծ էջեր անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում նրա նկատմամբ, բայց ոչ մի գնահատական, ոչ մի միջոց: Ավելին՝ գործընկերներիցս Հրանտ Անանյանը դեպքի առիթով հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, բայց այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել էր՝ թե՛ ՀՔԾ-ի, և թե՛Դատախազության կողմից, և հիմա այդ հարցը դատարանում է գտնվում, քանի որ Հրանտ Անանյանը բողոքարկել է այն:
Երրորդ փաստը. Ալվինա Գյուլումյան՝ հարգարժան մասնագետ, ՍԴ դատավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր, դուրս է գալիս ՍԴ-ից, տասը հոգի մոտենում են, վիրավորում են, դրանից հետո նույնիսկ ձեռքով փորձում են քաշել նրա ձեռքը: Ոստիկանները ներկա էին. Արդյո՞ք բերման ենթարկվեցին այդ անձինք, արդյո՞ք նրանցից որևէ մեկը ձերբակալվեց, արդյո՞ք նույն ոստիկանությունը նման հրատապությամբ միջոցներ ձեռնարկեց: Ի դեպ, ԲԴԽ-ն որևէ հայտարարություն չարեց:
Դավիթ Գրիգորյանի դեպքը երբ տեղի ունեցավ, փաստաբանները հայտարարություններ էին տարածում, ԲԴԽ-ն լռում էր, մինչդեռ ԲԴԽ-ն երեկ 1.5 ժամ հետո արդեն հայտարարություն է տարածում:
Մենք սրանով ի՞նչ ազդակ ենք փոխանցում: Բոլոր դեպքերում, այդ թվում՝ Դանիբեկյանի, ես կարծում եմ, որ դատարանների նկատմամբ մշտապես պետք է պահպանվի հարգալից վերաբերմունքը»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի և աղմկահարուց ձևակերպումներին՝ «վնգստացող դատավորներ»-ի մասին, որոնց հետագայում անդրադարձել էր նաև ԲԴԽ նախագահը, և որի շուրջ դատավոր Դանիբեկյանին հարցադրումներ էր ուղղել ձերբակալված Նարեկ Մութաֆյանը, Ա. Վարդևանյանը նշեց.
«Որքանով ուսումնասիրել եմ, եթե չեմ սխալվում, անհարգալից վերաբերմունքը «վնգստացող դատավոր» ձևակերպման վերաբերյալ է, բայց կներեք, այդ արտահայտությունը կարծեք թե ԲԴԽ նախագահն է իրեն թույլ տվել: Ո՞նց կարող է մի դեպքում թույլատրելի լինել, մյուս դեպքում՝ անհարգալից վերաբերմունք: Ես կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է՝ բոլոր դեպքերում»:
Զարուհի Դիլանյան