Սարգիս Քլոյանը ողջունում է Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը

Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 16-ին Գ. Ջհանգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին՝ ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:

Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։

10 տարի անց ներկայացված բողոքը նախ մակագրվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, որը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել, և գործով զեկուցող է նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը։

Գագիկ Ջհանգիրյանը Վճռաբեկ դատարանից պահանջել է բեկանել 11 տարի առաջ կայացրած դատական ակտը և արդարացնել իրեն։ Դատախազը՝ Պետրոս Պետրոսյանը, չի առարկել։ Վերջինիս խոսքերով՝ վճռաբեկ բողոքը բերվել է այն հիմքով, որ նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը՝ խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

«Անկյունաքարային համարելով բերված վճռաբեկ բողոքի դատավարական իրավունքի խախտումների վերաբերյալ դիրքորոշումները՝ գտնում եմ, որ այս գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ»,- նշեց դատախազը։ Մասնավորապես, ըստ նրա՝ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը։ Դատախազը նշեց, որ եղել են պատշաճ չհետազոտված, չստուգված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չի հերքվել առաջադրված մեղադրանքներում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հակառակ դիրքորոշումը ողջամիտ կամայականությունը հերքելու հանգամանքներում։ Բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանն անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները։

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճռի շուրջ զրուցել ենք Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի իրավահաջորդի՝ վերջինիս հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։

«Ինչպես ասում են, Գագիկ Ջհանգիրյանն առաջին ծիծեռնակն էր, որովհետև բոլորս գիտենք՝ Գագիկ Ջհանգիրյանին ի՞նչ պայմաններում և ինչի՞ համար են ձերբակալել։ Ինչ-որ մի ոստիկանի գրպան պատռել է։ Եվ ասեմ, որ շուտով շատ մարդիկ կարդարացվեն։ 2008թ. մարտի 1-ին անօրինական քրեական գործեր են հարուցվել։ Ինչպես վկայում են, Մուշեղ Սաղաթելյան և այլն։ Ինչքան Եվրոդատարանի վճիռներով արդեն մեր կալանավորված տղերքը փոխհատուցումներ են ստանում այդ վճիռներից հետո, և շուտով շատ-շատերը Վճռաբեկ դատարանի որոշմամբ կարդարացվեն»,- Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը ողջունեց Սարգիս Քլոյանը։

Մեր այն դիտարկմանը, թե ինքն էլ նշեց, որ ոստիկանի գրպան է պատռել, արդյո՞ք դրա մեջ նա հանցակազմ չի տեսնում, եթե խոսում ենք արդարացման վճռի մասին, Սարգիս Քլոյանն ասաց, որ մեքենայի միջից Գագիկ Ջհանգիրյանին և նրա եղբորը քաշել-գցել են գետնին, բարձրանալիս պատահմամբ է գրպանը պատռվել.

«Նա հո դիտմամբ չի՞ արել դա։ Ուղղակի ավտոյի միջից քաշքշել են, գրպանը պոկվել է։ Գցել են ասֆալտին, ծեծել են։ Զենքն էլ հանել են, կրակել են Ջհանգիրյանի եղբոր ոտքին։ Բա զենք է օգտագործվել Արգավանդի խաչմերուկի վրա։ Ձերբակալել են ու տարել էլի ծեծել»,- ասաց Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ մարտի 1-ին մոտ 100 մարդու նկատմամբ գործ է հարուցվել, և մեկ ոստիկանը 5 մարդու դեմ ցուցմունք է տվել։

Հիշեցնենք, 2008թ. փետրվարի 23-ի ուշ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել և ձերբակալվել Գագիկ Ջհանգիրյանը և նրա հետ ավտոմեքենայում գտնվողները։ Ըստ տեղեկությունների՝ Գ. Ջհանգիրյանը վերադառնում էր գեներալ Մանվել Գրիգորյանի հետ հանդիպումից։

168.am-ի այն հարցին, թե ինքը վստահո՞ւմ է արդյոք այսօրվա դատարաններին, Սարգիս Քլոյանն ասաց.

«Դատարաններին ոչ բոլորին եմ վստահում, կամաց-կամաց կվստահեմ շուտով»։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս