«Սա Ադրբեջանի ձախողված պաշտպանության նախարարի շարքային հերթապահ հոխորտանքն է». Դավիթ Ջամալյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած հայտարարությանը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ասել է, որ Ադրբեջանն իր խոսքը կասի «կռվի դաշտում»։

«Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում և մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ մենք կտեսնենք՝ նա պատասխանո՞ւմ է իր խոսքերի համար, թե՞ ոչ: Կարծում եմ, մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է Զ. Հասանովը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց, որ Հասանովի հայտարարությունը շարքային հոխորտանք է։

«Ադրբեջանի ձախողված պաշտպանության նախարարի շարքային հերթապահ հոխորտանքն է։ Եթե հակառակորդը քաղաքական որոշում կայացնի՝ վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ապա այդ մասին ի լուր աշխարհի չի հայտարարի։ Բայց միաժամանակ թշնամուն թերագնահատել չի կարելի, և պետք է զգոն լինել, անգամ պատրաստ լինելով կանխարգելիչ հարված հասցնելուն, եթե պետական սահմանին հակառակորդի ուժերի կուտակումները հասնեն սպառնալի չափերի»,- ասաց Դավիթ Ջամալյանը։

Նաև հավելեց. «Տվյալ դեպքում հրատապ է, որպեսզի երկրի վարչապետն իր հախուռն գործելաոճի հետևանքով չստեղծի այնպիսի անկայուն իրավիճակ, որից թշնամին օգտվելու հնարավորություն ստանա։ Այսինքն, որպեսզի հակառակորդի երրորդ ագրեսիան կանխվի, Զինված ուժերի մարտունակությունն ամրապնդելը բավարար չէ։ ՀՀ Զինված ուժերի, Արցախի Պաշտպանության բանակի մարտունակության հետ կապված որևէ մտահոգություն չունեմ, թիկունքը պետք է կայուն լինի։

Մեր ներքին անկայունության հարաճուն բնույթն է մտահոգիչ։ Իշխանության գերխնդիրը պետք է լինի՝ համերաշխության մթնոլորտ ստեղծել երկրում։ Այդուհանդերձ, Բաքվում պատրանքների չպետք է տրվեն. ագրեսիայի ցանկացած դրսևորում անմիջապես կմիավորի մեր հանրությունը»:

Հարցին՝ Հասանովի այս հայտարարությանը հայկական կողմը պետք է պատասխանի՞, թե՞ այդուամենայնիվ պետք է զերծ մնա դրան կարևորություն տալուց, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ հայկական կողմի պատասխան հայտարարությունը պետք է լինի կտրուկ, բայց ոչ իմպուլսիվ։

«Առաջիկայում Արցախում անցկացվելիք ռազմավարական զորավարժությունները լավագույն պատասխանն է հակառակորդի հոխորտանքներին»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս