«Պրոմտեխնոլոգիան» Պաշտպանության նախարարությանը դատի չի՞ տվել

«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ) պաշտոնական պարզաբանում է փոխանցել «168 Ժամին» և հրապարակել պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ) դատի չեն տվել:

«Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի» գործակալության տարածած տեղեկության` հայտնում ենք, որ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին: Միաժամանակ, ընկերությունը ստեղծված իրավիճակի հետ կապված հույս է հայտնում, որ ՀՀ քննչական կոմիտեն հնարավոր ամեն ինչ կանի հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն` անկախ պաշտոնից ու աստիճանից: Ընկերությունը հույս է տածում նաև, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները կվերականգնվեն»,- ասվում է պարզաբանման մեջ։

Սա, ըստ էության, իրավիճակը լիցքաթափող հայտարարություն է:

Հիշեցնենք, որ «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «ORSIS»-ի ներկայացուցչին, տեղեկացրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական «ORSIS» ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ «Ռիա Նովոստին» հրապարակել էր, որ 2019 թվականի մայիսին ՊՆ-ն հայտարարել է տենդեր մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական «ORSIS» ընկերությանը: Շուտով, սակայն, հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: «ORSIS»-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց էր ներկայացվել: Ըստ լրատվամիջոցի՝ տեղի ունեցածի մասին տեղեկացվել էր նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր… Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը»,- ասել է «ORSIS»-ի ներկայացուցիչը «Ռիա Նովոստի» գործակալությանը։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին էր:

Թե ինչո՞ւ է խափանվել մրցույթը, ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը, 168.am-ը փորձել էր ճշտել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

168.am-ի հետ զրույցում, սակայն, նա չէր բացել փակագծերը՝ խորհուրդ տալով դիմել  վարույթ իրականացնող մարմնին:

Ավելի ուշ թեմայի առնչությամբ մանրամասներ հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես տեղեկացրել էր, որ ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- հավելել էր Ն. Հարությունյանը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս