Զենքի մատակարարման տենդերի հարցով քրեական գործ է հարուցվել
Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական «ORSIS» ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «ORSIS»-ի ներկայացուցչին։
Թե ինչո՞ւ է խափանվել մրցույթը, ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը, փորձեցինք ճշտել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
168.am-ի հետ զրույցում, սակայն, նա չբացեց փակագծերը՝ խորհուրդ տալով դիմել վարույթ իրականացնող մարմնին:
Նշենք՝ «Ռիա Նովոստին» հրապարակել էր, որ 2019 թվականի մայիսին ՊՆ-ն հայտարարել է տենդեր մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական «ORSIS» ընկերությանը:
Շուտով հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: «ORSIS»-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:
«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր… Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», – ասել է «ORSIS»-ի ներկայացուցիչը «Ռիա Նովոստի» գործակալությանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին էր:
Ավելի ուշ թեմայի առնչությամբ մանրամասներ հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես տեղեկացրեց, որ ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- հավելեց Ն. Հարությունյանը:
Զարուհի Դիլանյան