«ՀԱՊԿ-ի «դռները» փակ չեն որևէ երկրի առջև, բայց կան սահմանափակումներ». ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ շնորհելու հնարավորության մասին

«ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային սկզբունքով»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը` մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդ կամ գործընկեր պետության կարգավիճակ շնորհելու հնարավորության հարցին:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրենքի նախագիծը: «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացմամբ ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և դիտորդներ, և գործընկերներ։

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցրել է, որ Ադրբեջանն առանց Հայաստանի համաձայնության՝ չի կարող ստանալ որևէ կարգավիճակ ՀԱՊԿ-ում: Սակայն կան մտահոգություններ, որ, այնուամենայնիվ, առանց Հայաստանի համաձայնության՝ նման որոշում կկայացվի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն իր հերթին՝ ասաց, որ Ադրբեջանից նման բովանդակությամբ դիմում չկա: Ըստ նրա՝ այդ հարցը չի դիտարկվում:

Կարդացեք նաև

«Ինչ-որ մեկն ինչ-որ հարթակից իր անձնական, սուբյեկտիվ կարծիքն է հայտնել, և այդ հարցը սկսում են…: Հասկանո՞ւմ եք՝ դա սխալ է: Կան ընթակարգերի կանոններ, կան դրույթներ, որոնք սահմանել են երկրների ղեկավարները, գործընկեր և դիտորդ երկրների համար կան պահանջներ, որոնք պետք է խստորեն իրականացվեն, միայն դրանից հետո կարող է դիտարկվել անդամակցության, դիտորդության, գործընկերության հարցը: Այդ ամենը կարելի է կարդալ մեր կայքում, և ամեն բան հասկանալի կդառնա»,- ասաց Սեմերիկովը:

Բոլոր որոշումները, հատկապես՝ այն որոշումները, որոնք վերաբերում են անդամությանը, դիտորդությանը և գործընկերոջ կարգավիճակին, նրա հավաստմամբ՝ կայացվում են բոլոր անդամ երկրների խիստ կոնսենսուսով:

«Եթե որևէ երկրի համաձայնություն չլինի, բնականաբար, որոշում չի կայացվի, կա կանոնադրություն, պայմանագիր: Նույնիսկ գլխավոր քարտուղարի նշանակման էպոպեան որքան երկարաձգվեց: Քանի դեռ կոնսենսուս չեղավ, քանի դեռ բոլոր անդամ երկրները չստորագրեցին այդ որոշումը, այն չկայացվեց»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյան:

Նա նաև պարզաբանեց, որ ՀԱՊԿ-ի «դռները» փակ չեն որևէ երկրի առջև, ուստի ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ անդամ, դիտորդ, գործընկեր, բայց կան սահմանափակումներ, դրանք նորմատիվային փաստաթղթերում են ամրագրված, որոնք հասանելի են ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում:

«Իսկ այն, որ ինչ-որ մեկն ինչ-որ մի հարթակից կամ կուլիսներում ինչ-որ բան է խոսում, բայց, ինձ կներեք, մեզ մոտ ոչ միայն այդ մասին են խոսում»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս