Ադիբեկյանը ցախավելի և ընդդիմության միասնական մեկ թեկնածուի մասին

168.am-ի հարցին, թե՝ նախագահական ընտրություններում ընդդիմության հաղթանակը ո՞ր դեպքում է առավել իրատեսական՝ միասնական մեկ թեկնածուո՞վ հանդես գալու պարագայում, թե՞ մի քանի, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Իհարկե, միասնական մեկ թեկնածուով հանդես գալու դեպքում: Հակառակ դեպքում՝ ուժերը կջլատի նրանց, ու հավանականությունը գործող նախագահի վերընտրվելու՝ կմեծանա: Ընդդիմադիր ուժերի կողմից միասնական թեկնածուով հանդես գալը նախընտրելի է: Բայց այդ «միասնականը» կախված չէ միայն կուսակցությունների ցանկություններից: Ինքնաբերաբար այդ միասնական թեկնածուն կարող է առաջանալ ընտրողների նախապատվության հետևանքով: Դա տարբերակ է, որի մասին դեռևս ոչ ոք չգիտի: Սեպտեմբերին հատուկ հարցում կանենք՝ իմանալու համար, թե ո՞րն է ընտրողների նախապատվությունը»:

Նաև հավելեց. «Իհարկե, իշխանության համար լավ կլինի, որ մի քանի հատ թեկնածու լինի, դա ավելի կհեշտացնի նրանց գործը: Հիշենք «ցախավելի» պատմությունը, երբ երեք եղբայրներ չեն կարողանում  դեզը բռնեն, հայրն ասում է՝ գնացեք ցախավելը բերեք: Բերում են, ասում է՝ դե կոտրեք: Փորձում են այն միանգամից կոտրել, չի հաջողվում: Հայրն ասում է, որ ցախավելը մասնատեն, ապա նոր կոտրեն: Այդ ժամանակ նրանց հաջողվում է: Հիմա նույն իրավիճակն է: Եթե ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից երկու, երեք թեկնածու առաջադրվեն ՝ իշխանության հաղթանակը հնարավոր կլինի: Տեսականորեն միակ տարբերակը կարող է լինել այն, որ մի քանի թեկնածուներ լինեն, ու այդտեղ կարևոր լինի այն, թե իրենք ընտրողների որ հատվածի վրա դուրս կգան: Հնարավոր է, որ նախագահականի ձայների մի մասը տանեն, և շանսերը նվազեն: Բայց դա հնարավոր է պարզել միայն հատուկ հարցում անելուց  հետո: Հարկավոր է պարզել և որոշել, թե խորհրդարանական ընտրություններից հետո ի՞նչ վերախմբավորումներ են տեղի ունեցել  ընտրողների շարքում»:

Միաժամանակ, Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ եթե ընդդիմությունը 2013թ. նախագահական ընտրություններում հանդես գա մի քանի թեկնածուներով, ապա իշխանությունը շատ ավելի հեշտությամբ կգրանցի իր հաղթանակը:

 

Տեսանյութեր

Լրահոս