Սիրիական բանակը իր վերահսկողության տակ է առել Թել քաղաքը

Սիրիական ուժերը վերահսկողության տակ են առել Դամասկոսից հյուսիս տեղակայված Թել քաղաքը`այն լիովին մաքրելով գրոհայիններից և վերականգնելով անվտանգությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով՝ «Սուրիա ալ-Ան» գործակալությանը:
Մի քանի օր տևած գործողության ընթացքում ձերբակալվել ու ոչնչացվել է վարձկան ահաբեկիչների մեծ մասը, առգրավվել է մեծաքանակ զենք, այդ թվում՝ ականանետներ և կապի միջոցներ:
Միևնույն ժամանակ, Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում մարտերը կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների միջև շարունակվում են: Կառավարական զորքերը գրոհայիններին դուրս են մղում Սեյֆ էդ Դաուլա շրջանից: Դա վերջինն է այն երեք շրջաններից, որոնք գտնվում էին գրոհայինների տիրապետության տակ: Սիրիական ուժերը դանդաղ առաջ են շարժվում` շենքերի տանիքներին տեղակայված դիպուկահարների օգնությամբ:
Միաժամանակ, բանակը հարվածներ է հասցնում Հալեպ նահանգում գործող գրոհայինների ցրված խմբերին, որոնք փորձում են վերահսկել դեպի Հալեպ քաղաք տանող ճանապարհները: Մարտերը շարունակվում են նաև Հոմսում:
Բաշար Ալ-Ասադի հրաժարականի պահանջով ընդդիմության առճակատումը բանակի հետ շարունակվում է 2011 թվականի մարտից: Երկրի իշխանությունների տվյալներով` այդ ընթացքում զոհվել է 8000 մարդ, մինչդեռ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են 17 հազար զոհվածի մասին:

Տեսանյութեր

Լրահոս