«Եթե 2014թ. հայկական կարտոֆիլը հասնում էր նույնիսկ Ադրբեջան, ապա հիմա մենք ենք կարտոֆիլ ներկրում». Հրաչ Բերբերյան
«Հայաստանի կարտոֆիլագործները, ընդհանրապես, համարվում էին ամենահմուտներից մեկը: 2014 թվականին 2013թվականի բերքից կարողացանք արտահանել մոտ 56 հազար տոննա կարտոֆիլ: Դա ռեկորդային ցուցանիշ էր: Հիմնականը վրացական շուկան էր, ինչու չէ՝ նաև ադրբեջանական շուկան, որովհետև Վրաստանից գնում էր Ադրբեջան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ հետո տարբեր վարչապետներ փոխվեցին, կառավարությունն ուշադրություն չդարձրեց այդ ուղղությանը:
«Բացի այդ՝ Վրաստանի իշխանությունները, հասկանալով, որ այդ շուկայում Հայաստանն արդեն Անդրկովկասում հզորագույններից մեկն է, իրենց շուկան պաշտպանելու համար մտցրեց քվոտաներ: Այսինքն՝ այն քանակությունը ներկրել, ինչքան իրենց պետք է, բայց կարծում եմ՝ այդ ձեռք բերողները թուրքական ծագում ունեին, և 2015թ. արտահանեցինք ընդամենը 5 տոննա:
Այսինքն՝ վրացական կառավարությունն արհեստական խոչընդոտներ դրեց՝ Հայաստանից կարտոֆիլ չարտահանելու համար, արդյունքում՝ այդ տարին Թուրքիայից 50 հազար տոննա ներկրվեց: Հիմա, թե այդտեղ կաշառքը գործեց, թե նրանց բարիդրացիական հարաբերությունները, թե մեր իշխանության տգիտությունը, դա էլ կարող է լինել, որ գյուղատնտեսությանն ուշադրություն չէին դարձնում»,- ասաց նա:
Ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահի՝ հիմա արդեն այն վիճակում ենք, որ Բելառուսից կարտոֆիլ ենք ներկրում. «Այս տարի մեր ցանքատարածությունները նորից 10-15 տոկոսով պակասեցին: Ընդհանրապես, մենք Հայաստանի սերմաթարմացման համար ամեն տարի պետք է ներկրենք մոտ 4 հազար տոննա էլիտար դասի կարտոֆիլ, վերջին 3 տարում տարեկան 1000 տոննա է ներկրվել: Այսինքն՝ այն սերմաթարմացումը, որը պետք է լինի, մեզանում չկա, ագրոտեխնիկական կանոնները չեն պահպանվում, արդյունքում՝ ունենք բերքի կորուստ, միջին բերքատվության նվազում, ցանքատարածությունների պակասում: Եվ վերջերս, մեր գործարարներից մեկը Բելառուսից մոտ 10 կոնտեյներ կարտոֆիլ էր ներկրել Հայաստան՝ խանութներում վաճառելու համար:
Անորակ, անհամ բելառուսական կարտոֆիլը թափանցեց Հայաստան: Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ բարձիթողի վիճակ է: Չունենք այն մասնագետները կառավարությունում, որոնք պետք է գյուղատնտեսությամբ զբաղվեն, ձրիակերների մի խումբ իրենց համար պարգևներ են գրում, աշխատավարձեր են ստանում, ոչնչով չեն զբաղվում, բացի իրենց անձնական հաճույքներից»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ եթե նախկինում Հայաստանն ուներ այնքան կարտոֆիլ, որ նույնիսկ Ադրբեջան էր հասնում, հիմա մենք ենք ներկրում Բելառուսից, նա արձագանքեց. «Այս տարի մենք միջոցներ ձեռք առանք, հրավիրեցինք մեր եվրոպացի գործընկերներին, պայմանագիր ենք կնքել՝ սերմաթարմացման հետ կապված, կարծում եմ՝ մեր միավորման ֆերմերները բավականաչափ կարտոֆիլի տնկանյութ կստանան, բայց մյուս կողմից էլ, բնականաբար, դա քիչ է: Մենք ունենք մտահոգություն, որ էլի գարնանը կունենանք կարտոֆիլի գների աճ՝ մոտ 400-450 դրամ այն կլինի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում