«Արցախում կարող է կանանց շարժում սկսվել, որը կարող է հետևանքներ ունենալ». Գառնիկ Իսագուլյան

«Վերջերս 2 անգամ այցով եղել եմ Մոսկվայում, հանդիպումներ եմ ունեցել իմ նախկին կոլեգաների հետ, բավականին հարցեր ենք քննարկել, ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ուզում սպասվող հանդիպումներից առաջ որևէ տեսակետ հայտնել»,- 168.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Միևնույն ժամանակ, նա նկատեց՝ եթե շարունակվի այն կերպ, ինչ կերպ տարվում են հիմա գործընթացները՝ կապված թե՛ անձերի, թե՛ քաղաքական կուսակցությունների, թե՛ հանդիպումների, որոնց հիմնական կրողները մարդիկ են, որոնք ՌԴ-ի կամ ՌԴ բազաների նկատմամբ հստակ վերաբերմունք ունեն, ապա, ըստ Իսագուլյանի՝ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Բայց թերևս սպասենք և հավատանք, որ մեր իշխանությունները չեն գնա այդ՝ ոչ հայանպաստ քայլերին»:

Հետաքրքրվեցին՝ տեղեկություններ կան, որ Արցախում կանանց խմբեր են ոտքի կանգնում, որոնք վիրավորված են Հայաստանում Արցախի հերոսների, գեներալների նկատմամբ եղած վերաբերմունքից, ի՞նչ վտանգներով է դա հղի:

«Այն, ինչ արվում է մեր հերոսների, գեներալիտետի նկատմամբ, հատկապես՝ նրանց, ովքեր արցախյան ազատամարտի ժամանակ մեծագույն դերակատարություն են ունեցել, որոշակի ոտնձգություններ են արվում մարդկանց կողմից, ովքեր առնվազն դասալիք են եղել պատերազմի տարիներին, դա չի կարող որդեկորույս մայրերին, ընդհանրապես, այն մայրերին, որոնց որդիները բանակում են կամ վաղն են բանակում լինելու, անտարբեր թողնել: Կարող է նման շարժում սկսվել և այդ շարժումը կարող է հետևանքներ ունենալ: Մենք իրավունք չունենք Հայաստան-Արցախ հարաբերություններն այդքան սրելու: Մի՞թե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ այն, ինչ իրենք արեցին իշխանության մակարդակով, հիմա դա իջեցնում են քաղաքացիական մակարդակ՝ սորոսականներին ֆինանսավորելով, ուղարկելով Արցախ: Մարդկանց, ովքեր Արցախի հետ կապված բացի բացասական դերակատարությունը, որևէ դրական դերակատարություն չեն ունեցել»:

Հարցին՝ խոսակցություններ կան, որ Դավիթ Սանասարյանի գործը «փակում» են, որպեսզի նրան Արցախում որևէ պաշտոն տան, արդյո՞ք այդ խոսակցությունները մոտ են իրականությանը, դա հավանական համարո՞ւմ է:

«Արդեն, չգիտես՝ ինչու, մարդիկ կարծում են, թե Արցախի իշխանությունները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, ինչ քայլի, որ հետամուտ է լինում հայկական կողմը: Հավատացեք, որ այդպես չէ: Ճիշտ է՝ կա մեծագույն հանդուրժողականություն, մեծագույն ջանք, որպեսզի գոնե
Արցախյան իշխանությունների կողմից համբերության բաժակը չլցվի, բայց դա չի նշանակում, որ ցանկացած ցանկություն, որ ծնվում է Հայաստանում, Արցախում իրականություն կդառնա»,- պարզաբանեց Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով՝ անգամ մեծ ցանկության դեպքում Սանասարյանը չի կարող Արցախի ընտրություններին մասնակցել, որովհետև Արցախում չի բնակվում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս