Արմավիրի գյուղերում արգիները գրեթե չորացել են՝ գյուղացիները բողոքում են, պատասխանատուներ՝ արդարանում
Արդեն տևական ժամանակ է՝ համացանցում տարբեր օգտատերեր, որոնք Արմավիրի մարզից են, բողոքում են, որ մարզի բազմաթիվ գյուղեր զրկված են ոռոգման ջրից։ Նրանց խոսքով՝ գյուղացիներից շատերի այգիները չորացել են, և բերքը ոչնչացվել է:
168.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գագիկ Ծատուրյանը նշեց, որ իրականում գյուղում ոռոգման ջրի հետ կապված մեծ խնդիր կա։
«Նախկինում էլ այդ խնդիրը կար, բայց դե յոլա էինք տանում, մարդիկ գոնե կարողանում էին իրենց այգին ջրել, բերք ստանալ, հիմա ջուրն այնքան քիչ է, որ մի հոգին օրերով կանգնում ու չի կարողանում իր հողը ջրել։ Մի կերպ այսպես հերթով փորձում ենք յոլա տանել, բայց չենք կարողանում, արդեն անհնար է»,- ասաց Արևիկ համայնքի ղեկավարը։
Նա դժվարացավ ասել, թե ինչո՞ւ է ջուրը քիչ հասնում գյուղին, քանի որ Ջրօգտագործողների միությունից որևէ կերպ չեն պարզաբանում այդ ամենը, միայն նշել են, որ տրամադրում են այնքան ջուր, որքան անհրաժեշտ է:
Ինչ վերաբերում է մարզպետարանին, Գագիկ Ծատուրյանն ասաց, որ խնդրի մասին տեղյակ են պահել, թե ինչ կանեն՝ դժվարացավ պատասխանել։
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա իրենց համայնքում որևէ բնակիչ չի կարողանա այգուց բերք ստանալ, քանի որ ամեն ինչ վերջնականապես կչորանա։
«Մարդիկ օրերով հերթ են պահում, որ ջուրն իրենց հասնի, մինչև հասնում է, արդեն էլ չեն ջրում, որովհետև այգուց բան չի մնացել արդեն։ Բույսը չի սպասում այդ հերթերին»,- եզրափակեց Գ. Ծատուրյանը։
Նոր Կեսարիա համայնքում նույնպես նույն իրավիճակն է, ոռագման ջուրն այնքան քիչ է, որ գյուղացիներին չի հասնում։
«Գյուղում ոռոգման ջուրը սարքել են եռօրյա, այսօր միացրեցին ջրերը, նորից անջատեցին։ Ջրաչափը փակել են ու ջուր չեն տալիս, հիմա չգիտենք՝ ջրաչափո՞ւմ է տեղի ունենում, թե՞ այլ խնդիր է։ Այս ամենի մասին մեզ պետք է ասեն։ Հողեր կան, որ արդեն չորացել են, եթե հիմա ջուր էլ տան, երևի բան չի փոխվի, որովհետև ամեն ինչ գրեթե չորացել է։ Եթե գյուղում 40 աստիճան տաքության պայմաններում ջուր չլինի, բնական է, որ որևէ բույս ու ծառ չի ապրի»,- մեզ հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը։
Նրա փոխանցմամբ՝ Ջրօգտոգործողների միությունից տեղեկացրել են, որ մինչև օգոստոսի կեսերը ջուրը կլինի եռօրյա, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, ոչինչ չեն ասել և չեն տվել որևէ բացատրություն։
Արմավիրի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ համայնքներից խնդրի հետ կապված որևէ գրավոր դիմում, բողոք չեն ստացել։
«Օրերս մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վերաբերում է ոռոգման ջրին, խոսք եղավ, որ արվի ամեն ինչ, որպեսզի հնարավորինս առանց խոչընդոտների ընթանա սեզոնը։ Ոռոգման առումով սա տարվա պիկ սեզոնն է։ Այդ խորհրդակցությունից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անցնեն երեքօրյա ռեժիմի, այսինքն՝ երեք օր ջուրը մի մասին ենք տալիս, հաջորդ երեք օրը՝ մեկ այլ մասի, տարածքներն այսպես բաժանել են»,- նշեցին մարզպետարանի լրատվության բաժնից։
«Արմավիր» Ջրօգտագործողների ընկերությունից էլ մեզ փոխանցեցին, որ նման բան չի կարող լինել, քանի որ ընկերությունը բոլոր համայնքներին ջուրը հավասարաչափ տալիս է։
«Հատկապես Նոր Կեսարիայում ջրի խնդիր չկա, մարդիկ լավ էլ իրենց այգիները ջրում են»,- նշեցին ընկերությունից։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են գյուղացիները բողոքում, ինչո՞ւ է գյուղացուն քիչ ջուր հասնում, պատասխանեցին. «Բա մենք ի՞նչ իմանանք, չգիտենք»։
Հավելենք, որ նույն իրավիճակում է նաև Հուշակերտ գյուղը, այնտեղի բնակիչների խոսքով՝ արդեն հինգ օր է՝ գյուղում ոռոգման ջուր չկա, չնայած խոստացել էին, որ երեք օրը մեկ ջուր կլինի։
Զվարթ Խաչատրյան