«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «Մուդիզի» կողմից տրված վարկանիշն ավելի բարձր է եղել, քան հիմա՝ փոխված վիճակում». Տնտեսագետ
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու փաստին: «Սպասված իրադարձություն է, այսինքն՝ 2006-ից ի վեր ՀՀ սուվերեն վարկանիշը չէր բարձրացվել»,- նկատեց վարչապետը:
Թեմային լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով՝ «Վատ չէ, բայց բազմաթիվ ուրիշ հարցերով մենք ունենք խոցելիություն»:
Ի դեպ, Վ. Բոստանջյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել, թե ում օրոք է Հայաստանն արձանագրել «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից սուվերեն վարկանիշի ավելի բարձր ցուցանիշ, քան այսօր.
«Փաստորեն, «Մուդիզը» մեզ բարձրացրեց «B1»-ից «Ba3», որը մեկ աստիճան ավելի ցածր է «Ba2»-ից, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «Մուդիզի» կողմից տրված վարկանիշն ավելի բարձր է եղել, քան հիմա՝ փոխված վիճակում»:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի էջում պարբերաբար տեղ գտնող տնտեսական աճի ցուցանիշներին՝ նա նշեց, որ չի վստահում վիճակագրական ծառայության մեթոդաբանությանը, իսկ ներկայացվող պատկերը լիարժեք չէ.
«Օրինակ՝ խոսվում է ՏԱՑ-ի աճի մասին. հայ մարդն իր մենթալիտետային նկարագրով չի կարող ծույլ լինել, նա ակտիվ է, բայց ակտիվության որակական կողմ կա: Հիմա այդ ակտիվությունը որտեղ եմ տեղադրում՝ առևտրում, որտեղ չեմ ստեղծում Հավելյալ նոր արժեք, խաղատներում, սպասարկման ոլորտում, այսինքն՝ ես չեմ կարող պարապ մնալ, ակտիվությունը բարձրանում է. հունական առասպելաբանության մեջ կա սիզիֆյան աշխատանքը: Իսկական ցուցանիշն իրական հատվածի զարգացումն է, որն արտահայտվում է համախառն ներքն արդյունքով:
Հայտարարում են, որ անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը 14 տոկոսով աճել է. խոշոր առումով, ես իրավունք ունեմ մտածելու, որ բոլոր նրանք, ովքեր արտագաղթի ճանապարհն են բռնել, բնականաբար, իրենց տները պիտի վաճառեն. վաճառում են, գործարքների թիվն ավելանում է. դա երկրի զարգացման ցուցանիշ չի կարելի համարել»:
Զարուհի Դիլանյան