«Քաղաքական ապտակ» ՌԴ-ից կամ ընտրովի արդարադատության արգասիքը

Հայաստանում վերջին քաղաքական փոփոխությունները բացահայտ հարցականի տակ են դրել Երևանի ու Մոսկվայի ավանդական ամուր հարաբերությունները՝ մեծացնելով հնարավորությունը, որ այլ ուժեր կարող են լցնել այդ ճեղքը։

Դեռևս նախորդ տարվա գարնանից Ռուսաստանը հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, սակայն Մոսկվան չմիջամտեց Հայաստանի զանգվածային ցույցերին, քանի որ Փաշինյանը զգուշորեն իր քննադատությունը սահմանափակում էր կոռուպցիայի ներքին հարցերով ու ընդգծում Երևանի աջակցությունը Մոսկվայի հետ ստրատեգիական ու անվտանգության դաշինքին։

Այնուամնայնիվ փաստ է այն, որ երկու երկրների միջև լարվածությունն աճել է Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Պատճառներից մեկըտ Փաշինյանի այն որոշումն էր, որով թիրախավորեց ՀՀ նախկին ղեկավարներին՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ճնշման համար։ Վարչապետն արդեն քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Չնայած այս լարվածությանը, Փաշինյանը բազմիցս ընդգծել է ՀՀ ցանկությունը՝ սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազությունը, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Պողոսյանի հետ կապված ՀՀ իշխանությունները լուրջ սպասումներ ունեին, սակայն ինչպես տեսնում ենք, ՌԴ իշխանություններից ստանում են հերթական քաղաքական ապտակը։

Տվյալ պարագայում տեղին է փաստել, որ նման գործընթացների ժամանակ արտահանձնման դեպքում քաղաքական բաղադրիչը անխուսափելի է լինում:

Միաժամանակ տրամաբանական է նաև այն, որ ռուսական կողմը չի արտահանձնում Պողոսյանին մի պետության, որտեղ վարչապետի հանձնարարությամբ դատարաններ են փակվում, որտեղ ոչ իշխանահաճո որոշում կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում, որի դատական իշխանության անկախության երաշխավոր մարմնի անդամը հրապարակավ խախտում է դատավորի անմեղության կանխավարկածը, և ի վերջո այդ երկրում ականատես ենք լինում ընտրովի արդարադատության դասական օրինակի։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս