Բաժիններ՝

Կով, ոչխար պահելը ձեռնտու չէ

Այսօր որևէ մեկը չի զարմանում այն փաստից, որ գյուղացու տնտեսությունից կենդանիները դուրս են մնացել: Ավելին, արդեն  հետամնաց կամ ֆինանսապես անապահով  են համարվում այն գյուղական տնտեսությունները, ովքեր տնային եղջերավոր կենդանիներ են պահում` ոչխարներ, խոզեր, կովեր, և այլն:

Գյուղացին այսօր ձգտում է առավել հանգիստ կյանքով ապրել: Բացի լեռնային գոտիների գյուղերից, ոչ մի այլ գյուղում հնարավոր չէ եղջերավոր կենդանիներով հարուստ տնտեսություն տեսնել: Ըստ Արմավիրի մարզի գյուղացիների` դա ավելորդ ծախս է ու մեծ տանջանք: «Մենք մեզ պետք եկած կաթն էլ, մածունն էլ գնում ենք խանութից կամ այն մարդկանցից, ովքեր դեռ անասուն են պահում: Շատ ծախսատար և եկամուտ չտվող աշխատանք է:

Բացի այդ, խոտի տուկն այսօր վաճառվում է 1000-1500 դրամով, իսկ միջին հաշվով, խոշոր եղջերավոր կենդանին օրական ուտում է մեկ տուկ խոտ»,- ասում են գյուղացիները: Նրանց համոզմամբ` եթե այս ամենին գումարվի նաև խոշոր եղջերավոր անասունների, օրինակ, կովի տված եկամուտը, ապա ոչ թե շահույթ, այլ վնաս կունենան: Կովը կաթնատու կենդանի է, օրվա կտրվածքով տալիս է միջինը 2-5 լ կաթ և ունի վերարտադրության ֆունկցիա: Եթե այդ կով պահելու դեպքում էլ է օգուտի փոխարեն վնաս գրանցվում, ապա մնացյալ կենդանիների օգուտի մասին խոսելն ավելորդ է:

Որոշ գործարարներ իրենց գործարանների համար անհրաժեշտ  կաթի պակասը լրացնում են գյուղացիների տնտեսություններից կաթ հավաքելու միջոցով:  Գյուղացիներից կաթը մթերվում է միջինը 80-150 դրամով`կախված կաթի որակից, յուղայնության աստիճանից: Պարզ մաթեմատիկական հաշվարկի դեպքում, միջինը 2 եղջերավոր կենդանի պահող ընտանիքի օրվա եկամուտը կկազմի միջինը 1000 դրամ: Բայց այդ 1000 դրամը ստանալու համար գյուղացին կենդանուն կերակրելու համար խոտը գնում է 1000-1500 դրամով: Նշենք նաև, որ ոչ մի գյուղական տնտեսության մշակած առվույտի բերքը, եթե այն նույնիսկ կատարյալ բերքատվություն տված լինի, չի կարող ապահովել անգամ 2 խոշոր եղջերավոր կենդանու տարվա սնունդը:

Կարդացեք նաև

Ի դեպ, տարիներ առաջ հանրապետություն են ներկրվել բարձր կաթնատվություն և մսատվություն ապահովող խոշոր եղջերավոր անասուններ, բայց այդ կենդանիներն այսօր պահվում են ոչ թե գյուղական տնտեսություններում, այլ անհատ ձեռներեցների ֆերմաներում: Գյուղացին դեռ շարունակում է պահել Սովետական Միության ժամանակ  ձեռք բերած կամ ստացած կենդանիների սորտերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս