Դոշաբ. մոռացված ազգային բարիք
Դոշաբի արտադրությունը Հայաստանում վերացած մշակույթ է: Տարիներ առաջ, սպիտակ թթից պատրաստվող այդ քաղցր ըմպելիքը համարվում էր հազի և մրսածության անփոխարինելի միջոց, սակայն այսօր բժիշկների մեծ մասը հանրությանը հորդորում է հեռու մնալ տնային պայմաններում ստեղծվող նման միջոցների կիրառումից:
Պարզվում է, որ շատերն արդեն չեն էլ օգտագործում այն: Եթե 10 տարի առաջ գյուղական ընտանիքները պարտադիր պատրաստում էին այդ բուժիչ ըմպելիքը, ապա այսօր այդ մշակույթն էլ է վերացել: «Մեր մեծերն էին պատրաստում, հիմա մենք դրա ժամանակը չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի շրջանի Հայկավան գյուղի բնակչուհի Աննա Սահակյանը:
Տանտիկնոջ խոսքով, այսօր առավել հարմար է դիմել ոչ թե ավանդական, այլ նորագույն մեթոդներին, բացի դա, ըստ նրա՝ նաև ժամանակ են խնայում:
Կան նաև հակառակ համոզումն ունեցող մարդիկ, ովքեր ոչ մի պարագայում իրենց պատրաստած այդ անվնաս «ըմպելիք-դեղը» չեն փոխարինի որևէ դեղամիջոցով:
Այսօր շատ դեղահաբերի բաղադրության մեջ կարող ենք կարդալ խաղողի յուղի կամ այլ մրգերի կորիզի, մրգահյութի պարունակության մասին: Տարբեր առիթներով բժիշկները հաճախ են խոսում թթի օգտակարության, նրա բուժական հատկանիշների մասին, բայց, չգիտես ինչու՝ մենք դրանց մասին բոլորովին չենք հիշում:
Գյուղատնտեսությունից հեռու մի ձեռներեց մեզ հետ զրույցում մեղադրում էր գյուղացուն՝ հին ու ավանդական մշակույթը չպահպանելու համար: Նրա խոսքով՝ Հայաստանից դուրս հայկական ավանդույթների պահանջ կա: Ըստ նրա՝ մարդիկ հետաքրքրվում են հայի մշակույթով, ցանկանում են օգտվել այդ մշակույթի բարիքներից, բայց, նրա խոսքով՝ «մեր ազգն այդ հնարավորությունից զրկել է ոչ միայն դրսի հանրությանը, այլև ինքն իրեն»: «Մենք շեշտը դնում ենք լոլիկի կամ այլ բանջարեղենի արտադրության վրա՝ չմտածելով, որ կա մի ճյուղ, որն ավելի մեծ եկամուտ կբերի, քան բանջարեղենի մշակությունը»,- ասաց անհատ ձեռներեցը (ում անունն, իր իսկ ցանկությամբ, չենք հրապարակում):
Հ.Գ. Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում դոշաբ պատրաստելու ավանդույթը պահպանվում է, և Հայաստանից Ղարաբաղ գնացողների մեծ մասն իր հետ պարտադիր դոշաբ է բերում և այն շարունակում է օգտագործել: