«Պետք է ձևավորել բանակցային սեղանի, քաղաքական կոնսենսուսի գաղափարը». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը գտնում է՝ հասարակությունը բաժանվել է մի քանի մասերի, և պատճառը դատական իշխանության հանդեպ բարեփոխումների անհրաժեշտության հետ կապված իրավիճակն է։
168.am–ի հետ զրույցում Թ. Պողոսյանը նշեց, որ որևէ մեկը կասկած չուներ, որ անկախ, ազատ դատական համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, բայց այդ պրոցեսը հանությանը տարբեր ուղղություններով տարավ։ Նրա կարծիքով՝ դեռ անցած տարվանից, երբ սկսեցին խոսել անցումային արդարադատության մասին, պետք է բոլոր քաղաքական միավորումները ձևավորեին քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, նստեին այդ սեղանի շուրջ և ստեղծեին անցումային արդարադատության հայկական մոդել, համատեղ տեսլական մշակեին, որի հիման վրա էլ կստեղծվեր ռազմավարություն, գործողությունների պլան, և հանրության համար տեսանելի կլիներ, թե ինչ քայլերով է պետությունն առաջ շարժվելու, և դա կնպաստեր դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացմանը։
«Այն ժամանակվանից այս ամենը չկատարվեց, և եկանք այս օրվան։ Այժմ իմ միակ կոչը կրկին դա է՝ բոլորն ընկալեն, որ պետք է ձևավորել բանակցային սեղանի, քաղաքական կոնսենսուսի գաղափարը։ Ի վերջո, մեր բոլորի նպատակն է՝ ունենալ ազատ, անկախ, անաչառ, արդար դատական համակարգ, որի հանդեպ ունենք վստահություն»,- ասաց Թ.Պողոսյանը։
Ըստ նրա՝ այժմ ունենք իրավաբանների տարբեր կարծիքներ, գիտական ու գործնական կարծիքներ, ունենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները, և դրանք որպես խորհուրդ է ընդունել, ասել են՝ ինչն անել, ինչը չանել՝ հիմնվելով միջազգային փորձի վրա. «Ի վերջո, պրոֆեսիոնալներ են, և այս իմաստով չենք կարող վիճաբանել, թե Վենետիկի հանձնաժողովն արդար չի եղել»։
Թ.Պողոսյանը նշեց, որ դատական իշխանությունն ինքը պետք է զգա, որ իշխանություն է ու պետք է լինի անկախ։ Նա օրինակ բերեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո հաստատված պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում ի սկզբանե ձևավորվում է օրենսդիր իշխանությունը՝ Ազգային ժողովը, որը ձևավորում է գործադիր իշխանությունը, և որպես այս երկուսի զսպման և հավասարակշռման մեխանիզմ՝ գործում է դատական իշխանությունը, որը, եթե չի կարողանում գտնել իր անկախությունը, ապա լինելու են մի իշխանության կողմից մյուս իշխանության դաշտ մտնելու խնդիրներ։ Թ.Պողոսյանի խոսքով՝ ողջունելի է իշխանության անկախ ճյուղերի համագործակցությունը, և ոչ թե՝ բախումների դաշտի ստեղծումը.
«Բախումները ստիպելու են այլ տեսակի լուծումներ գտնել։ Երբ դա մտքի, գաղափարների բախումներ են, ես ուրախանում եմ, դա ապահովում է առաջընթաց, բայց եթե դա քաղաքական ու իրավական դաշտում բախումներ են, որ հաճախ վերածվում են անձնական դաշտի բախումների, կարծում եմ՝ սա այլևս հետընթաց է, ոչ թե առաջընթաց»։
Թ.Պողոսյանը մատնանշեց, որ դատարաններում քաղաքացիները տարբեր խնդիրներ են լուծում՝ անձնական, ընտանեկան, բիզնես, քրեական խնդիրներ և այլն.
«Նույնիսկ այսօր մենք պետք է 320 դատավորներ ունենայինք, բայց ունենք ընդամենը 270։ Ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ ինչո՞ւ մինչ օրս դատական համակարգը չի բարելավվել, եթե վիճակն այդպես պարզունակ է։ Այս պրոցեսները, եթե սխալ քայլերով գնանք, ազդելու է նաև ներդրումների վրա, սա բերելու է տնտեսական խնդիրների, դրանք էլ բերելու են սոցիալական խնդիրների, և այլն։ Այս ամբողջն իրար հետ կապված է, գաղափար է, որ կոչվում է երկիր, և պետք է հասկանալ, թե ինչ քայլերով ենք առաջ գնալու։ Բայց այդ քայլերը պետք է բոլորի համար շատ պարզ լինեն, իսկ դա էլ հնարավոր է, եթե կա համատեղ բանակցված մոտեցում, լուծում, որն ընդունելի է, և որից հետո սկսվում է ռազմավարական հաղորդակցման պրոցեսը, որը, ցավոք սրտի, Հայաստանի բոլոր իշխանությունների կամ կառավարությունների մեծագույն բացն է եղել՝ ռազմավարական հաղորդակցումը բարեփոխումների կյանքի կոչել»։
Թ.Պողոսյանի խոսքով՝ հենց հասարակությունը ներգրավվի բարեփոխումների մեջ, այդ բարեփոխումները կհաջողվեն, հակառակ դեպքում՝ ոչինչ չի հաջողվի։
Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) իրադրությանը և Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով հրավիրվող նիստին՝ Թ.Պողոսյանը նշեց, որ ԲԴԽ-ն պետք է ինքն իր լուծումները գտնի՝ քննարկումների միջոցով.
«Մենք պետք է սովորենք բանակցել, ցանկացած ինստիտուտ պետք է կարողանա սկզբում իր ներսում բանակցություններ տանի, եթե լուծումներ չգտնվեն, դրանից հետո գուցե կլինեն հայտարարություններ»։
Թ.Պողոսյանի կարծիքով՝ տարակուսանք է հարուցում առնվազն այն, որ Ն.Տավարացյանը օգտվեց մի ընկալումից, որը տրամաբանության մեջ պետք է չաշխատեր։ Ըստ Պողոսյանի՝ նա պետք է կրկին մասնակցեր ԲԴԽ անդամի ընտրությունների, և դա հասկանալի կլիներ. «Որպեսզի ապագայի համար անցանկալի նախադեպեր չձևավորվի, պետք է լուծում գտնվի ԲԴԽ-ում։ Կամ՝ գուցե տիկին Տավարացյանը բոլորին համոզի իր իրավացիության մեջ, և ընդունվի այդ մոտեցումը։ Կարծում եմ՝ ԲԴԽ-ն պետք է հանրությանը բանակցված լուծում ներկայացնի»։