«Ռուսաստանի ղեկավարությանը կոչ եմ անում չենթարկվելու էսկալացիային». Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ հանրապետության արմատապես տրամադրված քաղաքական ուժերի սադրանքներին չենթակվելու կոչով: Այդ մասին Զուրաբիշվիլին հայտարարել է հուլիսի 9-ին Թբիբլիսիում կայացած ճեպազրույցում:
«Ռուսաստանի ղեկավարությանը կոչ եմ անում չենթարկվելու էսկալացիային: Պարադոքս կլինի, եթե հարեւան երկիրը պատասխանի այն ուժերի սադրանքներին, որոնք իր իսկ կողմից բնութագրված են որպես արմատական, եւ դրանով իսկ նպաստի նրանց խափանարարական նպատակներին»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահն ապաէսկալացման կոչ է արել երկրի ներսի քաղաքական ուժերին, որոնք, նրա խոսքով՝սպառնալիքի տակ են դնում երկրի կայունությունը: Ինչպես ընդգծել է Զուրաբիշվիլին, որոշ մարդիկ, սքողվելով հայրենասիրության դրոշով, վնաս են հասցնում Վրաստանի քաղաքացիներին եւ նրանց տնտեսական բարեկեցությանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:
Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ին իր «Հետգրություն» հեղինակային հաղորդմանը մեկ րոպեից ավելի անցենզուր արտահայտություններ է արել Ռուսաստանի ղեկավարության հասցեին: Նրա արտահայտությունները խստիվ դատապարտել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: Հեռուստահաղորդավարին քննադատության է ենթարկել նաեւ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: Գաբունիայի արարքը բացասական արձագանքներ է հարուցել Facebook-ի մեծ թվով վրացի օգտատերերի թվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: