Բաժիններ՝

Արշավ մամուլի դեմ

2018թ. ապրիլյան իրադարձությունների օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության ծրագրի մեկնակետային պահերից սկսած նրան ուղեկցում էին Նաիրի և Հայկ Սարգսյանները։ Վերջիններս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի որդիներն են։

Զ. Սարգսյանը տարիներ առաջ Կրասնոսելսկից տեղափոխվել էր Երևան։ 1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվել էր նախարարությունից, դարձել առանձին կառույց ու վերանվանվել կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը դարձյալ Զարեհ Սարգսյանն էր, որն այդ պաշտոնում շարունակել է մնալ մինչև 2000թ. սեպտեմբերը։ Այնուհետև վերջինս նշանակվել էր ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի պաշտոնում։ Սակայն մեկ տարի անց նրան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հեռացրել էր աշխատանքից այն պատճառով, որ Զ. Սարգսյանի դեմ համապատասխան մարմինները քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացրել, որոնց համաձայն՝ կենսաթոշակների հսկայածավալ յուրացումներ էին տեղի ունեցել։ Զ. Սարգսյանի ղեկավարած կառույցում տեղի ունեցած ահռելի խախտումներին անդրադարձել էր նաև ԱԺ վերահսկիչ պալատն իր 2001թ. հաշվետվության մեջ։

Այդ տարիներին Երևանում կառուցած իր հայտնի դղյակի հիմնական շինարարական աշխատանքները նա սկսել էր 1998թ.։ Այսօր արդեն, թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի թիմում լուրջ դիրքեր զբաղեցնող եղբայրներից մեկը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, մի քանի լրատվամիջոցների դեմ հայցերով դիմել է դատարան, բոլոր դիմումները վարույթ են ընդունվել։ Զ. Սարգսյանի մյուս որդին վարչապետ Փաշինյանի օգնականն է։ Նշենք, որ պատգամավորի այս գրառումից առաջ Hraparak.amը տեսանյութ էր հրապարակել, որտեղ  պատմել էր, թե ինչպես է պատգամավոր Հայկ Սարգսյանը  զվարճանում գեղեցիկ աղջիկների հետ, որոնցից մեկը Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրում, լուսանկար էր արել և հրապարակել սոցիալական ցանցերում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանի հայցադիմումներին՝ նկատել է.

«Սա մամուլի հանդեպ ճնշումների հերթական շարքն է»։ Ինչ վերաբերում է  Բաղրամյան 26-ում տեղի ունեցածին, մեր զրուցակիցը նշել է, որ,  եթե այդ ամենը ճիշտ է, և լուսանկարներն արվել են նախագահական նստավայրում, և, եթե նախագահականից պնդում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքի ընթացքում նման մարդիկ չեն եղել Բաղրամյան 26-ում, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ եղել է ավելի շուտ՝ մինչև Արմեն Սարգսյանի տեղափոխվելը Բաղրամյան 26։

«Սա նշանակում է, որ նշված պատգամավորն այնքան ամենակարող է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ կարող է տանել տարբեր ծանոթ և անծանոթ աղջիկների»,- ասել է Ա. Ենոքյանը։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ի պատասխան մեր հարցի՝ ասել է. «30 տարվա մեջ չեմ հիշում նման հայտարարություն, որ հնչի որևէ պատգամավորի կողմից, ո՛չ Շմայսի ու  Թոխմախի Մհերի, ո՛չ գեներալ Մանվելի ու Սեյրան Օհանյանի կողմից չի հնչել։ Երբ ասում ենք՝ նոր հեղափոխական իշխանավորները  գերազանցեցին բոլոր նախկիններին իրենց գործողությունների մեջ, հենց  սա նկատի ունենք, երբ իրենց դուր չեն գալիս հրապարակումները, պատրաստ են դիմելու բոլոր միջոցներին, այդ թվում՝ քրեական գործ հարուցելուն, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելուն։ Սա հենց խոսում է այն մասին, որ իշխանությունն ամեն ինչ անում է ազատ խոսքը խոչընդոտելու, մեր աշխատանքին խանգարելու և սահմանափակումներ կիրառելու համար։ Չի կարող երկրի վարչապետը հայտարարել, որ մամուլն այսօր առավել ազատ է, քան երբևէ, իսկ պատգամավորը հայտարարի, որ իր դեմ արված հրապարակումների համար դիմելու է և կասեցնելու լրատվամիջոցի գործունեությունը։ Սա այն վերջին խայտառակությունն է, որը կարող էր լինել մեր երկրում»,- ասել է Արմինե Օհանյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս