Բաժիններ՝

Մեքենաները կանգնեցրել են՝ պարզաբանումներ անելու. այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է երիտասարդին

Հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։

Մի քանի րոպե անց ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ հնչեց Վայքի բուժհաստատությունից։ Այստեղ հոսպիտալացվել էր 24-ամյա մի երիտասարդ, որի կրծքավանդակին կտրած-ծակած վերք կար։

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի ու Վայքի բաժինների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոցներ տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կիլոմետրին։

Նախնական տվյալներով՝ վիրավոր կնոջ ամուսնու և մի քանի երիտասարդների միջև երթևեկության ընթացքում խնդիրներ են ծագել։ Մեքենաները կանգնեցրել են՝ պարզաբանումներ անելու։ Այդ ընթացքում էլ 34-ամյա տղամարդը դանակով հարվածել է 24-ամյա երիտասարդին։ Միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել նաև նրա կինը։

Քրեական հետախույզները կասկածյալին հայտնաբերել, բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու ներկայացրել դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Տղամարդը ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս