10.000 դրամի գերի են. Լոռու մարզում բնակիչները ղազախների, ռուսների մեքենաները գումարի դիմաց գրանցում են իրենց տան հասցեում
Ղազախստանի ներքին գործերի նախարար Եռլան Տուրգումբաևը ներկայացրել է հայկական, ռուսական, ղրղըզական պետահամարանիշերով մեքենաների գրանցման հետ կապված ծրագրերը՝ ասելով, որ շատ են բողոքները՝ Հայաստանի, Ղրղըզստանի ու Ռուսաստանի տարածքում գրանցված մեքենաների կողմից երթևեկության կանոնները խախտելու վեաբերյալ, իսկ խախտում կատարած մեքենաների վարորդների նկատմամբ որևէ միջոց ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտային միջոցը Ղազախստանում գրանցված չէ:
«Նրանք ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում. ուղևորներ են փոխադրում։ Մենք առաջարկում ենք սահմանափակում մտցնել ու սահմանել տասն օր դրանց շահագործման համար։ Եթե տրանզիտ է մեքենան, ապա տասն օրվա ընթացքում պետք է հաշվառվի»,- ասել է Եռլան Տուրգումբաևը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ավտոներկրողները հայտարարում էին, որ Ղազախստանի շատ քաղաքացիներ Վրաստանից ձեռք բերած մեքենաները գրանցում են Հայաստանի քաղաքացիների հասցեներով ու տեղափոխում Ղազախստան։ Նրանք պահանջում էին խնդրին շուտափույթ լուծում տալ՝ ընդգծելով, որ ապօրինությունների շղթան սկսվում է Բագրատաշենի անցակետից, այնուհետև տարածվում բոլոր գործընթացներում, գների սահմանումից՝ մինչև հաշվառում:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ դա իրենց բարձրացրած հարցի լուծումը չէ, փոխարենը՝ հայտնեց, որ մի փոքր հաջողության են հասել՝ ՀՀ վարչապետը հորդորել է Ճանապարհային ոստիկանությանը՝ օգոստոսի մեկից աշխատել նաև շաբաթ-կիրակի օրերին մինչև ժամը 6-ը:
«Ինչ վերաբերում է մեր կողմից բարձրացված հարցերից մեկին՝ ղազախներին, ռուսներին թույլ չտան գնալ Վրաստան՝ մեքենա գնել-բերել, որպեսզի մեր քաղաքացիներից, մեր շուկայից գնեն, ապա սա մի քիչ նուրբ խնդիր է, պետք է օրենսդրական այնպիսի փոփոխություններ կատարենք, որ չվնասենք մեզ, կամ իրենց կողմից բողոք չլինի: Իրենք գալիս են այստեղ, 10 օրով մեքենան գրանցում են, ասենք, Պողոսի տան վրա, ու թողնում-գնում են Ղազախստան, և գույքահարկը մնում է Պողոսի վրա: Մենք՝ ավտոներկրողներս, մեր տների վրա չենք գրանցում, վախենում ենք, որ մեզ վրա 10-յակ մեքենաների գույքահարկ կուտակվի, իսկ քաղաքացիները տեղյակ էլ չեն, որ նման բան կա: Վերցնում են մի 15.000 դրամ, գնում են մի քիչ առևտուր են անում՝ առանց իմանալու, որ տարեվերջին 50.000 դրամի գույքահարկ են վճարելու: Հետո էլ գնալու են՝ ազգով ցույց անեն: 10.000 դրամի գերի են: Միայն այդ պահի մասին են մտածում: Խոսքը Լոռու մարզի մասին է: Այնտեղ մաքսատուն կա, ղազախները գրանցում են մեքենան, մաքսազերծում ու հետ վերադառնում: Բնակիչները փողը վերցնում՝ գրանցում են: Անգամ այդ գրանցումները տանում, Վրաստանի ավտոշուկայում են վաճառում կամ սահմանին: Համատիրությունները, գյուղապետարանները պետք է խիստ լինեն, գոնե ճշտեն՝ տեսնեն՝ մեքենան ո՞ր հասցեում են գրանցում, որ, օրինակ՝ Վարդուշ տոտային ասեն՝ գիտե՞ս, որ քո տան հասցեում ղազախ է գրանցվում, ու կարող է գույքահարկ գա: Դրանից հետո կտեսնենք՝ Վարդուշ տոտան համաձայն կլինի՞ գրանցել, կամ ընդհանրապես, նա տեղյա՞կ է այդ գույքահարկից: Ղազախները տեղի բնակիչներին 20-50 դոլար են վճարում, չնայած առաջ 100 դոլար էր: Հիմա էժանացել է, քանի որ մրցակցություն կա, կռիվ է»,- մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը նշեց՝ իրենք առաջարկում են, որպեսզի պետությունը հետևյալ կերպ հարցը կարգավորի. «10 օրից, եթե ղազախները կամ ռուսները մեկնում են, գույքահարկը մեր վրայից թող դուրս գա, չէ՞ որ այդ մեքենան չի շահագործվում Հայաստանում, գնում է այլ երկիր: Եթե այդպես լինի, ես բոլորին 10 օրով կգրանցեմ իմ տան վրա, որովհետև չգրանցել չենք կարող: Գյուղացիները որ գրանցում են, մեզ փրկում են, բայց իրենք են խնդրի առջև կանգնում: Հիմա ես ասում եմ՝ գյուղացիներն էլ են մեղք, մենք էլ, դրա համար 3-5 օր թող թույլ տան գրանցենք, հետո, նրանց մեկնելու հետ միասին, գույքահարկն էլ դուրս գա: Մեքենան տանում է Ղազախստան շահագործի, ես ինչո՞ւ վախենամ, որ գույքահարկ կգա»,- հավելեց Տիգրան Հովհաննիսյանը:
Անի Կարապետյան