«Իրենց ձևավորած մշակույթով այսօր այսինչյանի դուռն են փակում, վաղն էլ իրենց դուռը կփակեն». Գևորգ Պետրոսյանը՝ իշխանություններին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի փաստական հանգամանքներին մանրամասն տեղյակ չէ, ուստի չի կարող որևէ կարծիք հայտնել։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերջին վճիռը կայացնելիս պաշտպանական կողմին չլսելու հանգամանքին, ապա, ըստ գործող դատաիրավական օրենսդրության՝ քրեական, վարչական և քաղաքացիական, սահմանում են իրավահավասարության սկզբունքը, որպեսզի կողմերը հավասար հնարավորություն ունենան դատարանում արտահայտելու իրենց տեսակետը։
«Եթե դատարանը չի կարողանում ապահովել կողմերի իրավահավասարության հնարավորությունը, ապա սա արդեն ապագայում տվյալ դատարանի կողմից իրականացվող ակտի իրավաչափությունը վիճարկելու լուրջ առիթ է տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, իսկ մինչ այդ դատարանը հեռացել էր խորհրդակցությունների սենյակ՝ վճիռ կայացնելու, առանց պաշտպանական կողմին լսելու։
Գևորգ Պետրոսյանի խոսքով, եթե նախկին իշխանություններին մեղադրել են սուբյեկտիվ մոտեցումների, քաղաքական դրդապատճառներով արդարադատությունն ապականելու մեջ, ապա այսօրվա իշխանությունն իրավունք չունի նույն սխալը թույլ տալու։
Խոսելով ԲԴԽ անդամ առաջադրված Աննա Մարգարյանի չընտրվելու հանգամանքից՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ վերջինս բավականին պատրաստված և գիտակ անձնավորություն է, որը ԲԴԽ լավ թեկնածու էր, ավելին, բարոյական տեսանկյունից, եթե որևէ խմբակցություն առաջադրում է թեկնածու, ապա պետք է հոգա նրա հաջողության հասնելու մասին։ Իսկ Աննա Մարգարյանի դեպքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չկարողացան քվորում ապահովել, քանի որ շատերը ներկա չէին քվեարկությանը։
168.am–ի հարցին՝ դատաիրավական համակարգի բարեփոխման համար իշխանությունների ընտրած ճանապարհն արդյո՞ք ճիշտ է և կծառայի իր բուն նպատակին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ, երբ իշխանությունն իրենց սեղանին կդնի ընկալելի լեզվով փաստաթուղթ, դրանից հետո միայն դատողություններ կարող է անել նպատակների մասին։
«Մի ժամանակ շրջանառության մեջ դրեցին, թե իբրև արդեն պատրաստ է անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը, հետո պարզվեց, որ նման նախագիծ չկա։ Հիմա էլ են ասում՝ պատրաստ է, բայց չենք տեսնում»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Հաջորդ հարցին՝ եթե այսպես շարունակվի, ապա իրատեսակա՞ն է, որ կյանքի կկոչվի անցումային արդարադատությունը, պատգամավորը պատասխանեց, որ անցումային արդարադատության քարոզիչներին այս պահի դրությամբ դեռ չի հաջողվել հանրությանը մատչելի լեզվով բացատրել, թե ինչ է անցումային արդարադատությունը։
«Կոչ եմ անում, որ իշխանություններն ականջներին օղ անեն, որ ինչպես իրենք են քննում նախորդների գործերը, վաղն էլ իրենց գործերն են քննելու, և եթե կա խնդիր, թող այդ խնդիրը լուծվի օրենքի շրջանակներում։ Այնպիսի մշակույթ ստեղծեցին, որ ժողովուրդը գնում-փակում է այսինչյանի դուռը, վաղն էլ իրենց դուռն են փակելու»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան