Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Շաքարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
2019 թվականի հունիսի 22-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Գրիգորի Շաքարյանը:
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքու քաղաքում:
1952 թվականին տեղափոխվել է Երևան:
1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը:
1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ՝ աշակերտելով հայ մեծանուն կոմպոզիտորին, ապա՝ Լենինգրադի կոնսերվատորիա։
1964 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան և վերադարձել Երևան։
1965 թվականին Շաքարյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:
1986-90 թվականներին եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարը։
1992 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1998 թվականից՝ որպես պրոֆեսոր:
Ստեփան Շաքարյանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Երաժշտական թատրոնում նրա ստեղծագործական նվաճումներն են «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968 թ.), «Նախանձ» (1966 թ.) և «Աղավնավանք» (1996 թ.) բալետները:
Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են երեք սիմֆոնիաները, Կոնցերտը սիմֆոնիկ նվագախմբի համար (1964 թ.), սիմֆոնիկ պոեմները և նախերգանքները, այդ թվում՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993 թ.), Սիմֆոնիկ նախերգանքը (1995 թ.) և այլն:
Առանձնահատուկ էր Ստեփան Շաքարյանի վերաբերմունքը Կոմիտասի հանդեպ: Հայ մեծ երաժշտի հանդեպ նրա հարգանքի տուրքն են նրա Երկրորդ սիմֆոնիան և «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965 թ.):
Հայկական կամերային երաժշտության մեջ իրենց ուրույն տեղն ունեն «Սյուիտը» կամերային նվագախմբի համար (1985 թ.), դաշնամուրային երկու սոնատները, վոկալ և գործիքային ստեղծագործություններ և այլն:
Ստեփան Շաքարյանի ժառանգության կարևոր էջն է նրա կինոերաժշտությունը, ինչպես նաև մուլտֆիլմերի («Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը») և դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը:
Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ երիտասարդ երաժշտի առաջին մրցանակը 1965 թվականին երևանյան ջազային փառատոնի ժամանակ ստացած Ոսկե մեդալն էր:
Ստեփան Շաքարյանի ստեղծած ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաները, ջազային և էստրադային երկերը ներառվել են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Ջազային շունչ են ստացել նրա մշակած հայկական ժողովրդական երգերը։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի չափանմուշ։ Իսկ 2009 թվականին թողարկված «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։
Հայրենիքը բարձր է գնահատել Ստեփան Շաքարյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգևների. 2008 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության (2008 թ.) և Երևանի քաղաքապետի (2015 թ.) Ոսկե մեդալների:
Սիրված արվետագետի և հրաշալի մարդու անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա երաժիշտների ու երաժշտասերների, հարազատ ժողովրդի հիշողության մեջ: