«Հարցը կառավարության տիրույթում է, և խոսքը ոչ թե՝ վեթինգի մասին օրենսդրական նախագծի մասին է, այլ՝ թե որ կառույցը պետք է անցկացնի և ինչ կերպով». Մակունց
Ազգային ժողովում առաջիկայում նախատեսվում է աշխատանքային քննարկում անցկացնել՝ քննարկելու վեթինգի հետ կապված՝ խմբակցությունների դիրքորոշումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչ մոտեցում ունեն վեթինգի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների վերաբերյալ:
«Դիմել եմ օրեր առաջ ԱԺ նախագահին և կարծում եմ՝ ինչ-որ աշխատանքային ձևաչափով հանդիպում կկայանա, և կքննարկենք այդ հարցերը»,- ասաց Լ.Մակունցը:
Ըստ նրա՝ ի վերջո, հարցը կառավարության տիրույթում է, և խոսքը ոչ թե՝ վեթինգի մասին օրենսդրական նախագծի մասին է, այլ՝ թե որ կառույցը պետք է անցկացնի և ինչ կերպով, հետևաբար՝ չափանիշերը պետք է քննարկվեն բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ դատաիրավական համակարգի:
Ըստ նրա՝ իրենք ի սկզբանե քննարկել են մի քանի տարբերակներ, թե որ մարմինը պետք է անցկացնի վեթինգը. «Կարծում ենք, որ քանի որ նաև գործող ինստիտուտներն այդ հնարավորությունն ընձեռում են, և իրենք նաև կոչված են նման գործառույթ իրականացնելու համար, շատ ավելի նպատակահարմար է դա անել հենց գործող կառույցների միջոցով և չգնալ մի ճանապարհով, որն իրենից երբեմն կարող է ենթադրել հակասահմանադրական մոտեցումներ, և փորձել լուծել»:
Հիշեցնենք, որ ԼՀ-ն առաջարկում է հանձնաժողովում ընդգրկել բացառապես ապաքաղաքական, բարձրագույն կրթություն ունեցող, մասնագիտական բարձր որակներ ունեցող և հանրային բարձր վստահություն վայելող անձանց, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներկայացուցիչների։ «Հանձնաժողովում ընդգրկվում են իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաև խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված մեկական անձինք՝ սույն կետում հռչակված սկզբունքներին համապատասխան։
– Հանձնաժողովի կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն իրավաբաններ, տնտեսագետներ և խնդրո առարկա ոլորտին առնչվող այլ մասնագետներ։
– Հանձնաժողովի անդամները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- առաջարկել է ԼՀ-ն։