«Պատահական չէ, որ եվրոպական երկու ուղղությունից որևէ փաստաթղթում դուք վեթինգի, անցումային արդարադատության անուն չեք տեսնի». Կարեն Բեքարյան
Հայաստանում իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ինչ-որ քաոտիկ, անհասկանալի վիճակ է՝ անհասկանալի ուղղությամբ, անհականալի՝ թե՛ ներսում, թե՛ Արցախի մեր հայրենակիցների, թե՛ միջազգային հանրության՝ այս պարագայում համանախագահ երկրների համար։ «Ադեկվադ» հ/կ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին նման գնահատականով հանդես եկավ վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Անդրադառնալով հակամարտության նոր զարգացումներին՝ վերլուծաբանը նշեց, որ փորձ է արվել հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից այլ տեղերում նույնպես քննարկման առարկա դարձնել.
«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան համաժողովի հետ ձեռք էր բերում պայմանավորվածություններ՝ հարցն այնտեղ քննարկելու նպատակով։ Ինչի՞ համար, ի՞նչ ակնկալելով, ի՞նչ նպատակով, երևի մենակ ինքն ու Աստված գիտեն, բայց նա չբացատրեց։ Ուրիշ հարց, որ դա տեղի չունեցավ, բայց միտումը բավականին հետաքրքիր էր»։
Կ. Բեքարյանը վտանգավոր համարեց սադրիչ պատերազմ հրահրելու փորձերի մասին հայտարարությունները՝ նկատելով, որ դրանք ունեն կազմալուծող բնույթ, և ռիսկերը հաշվարկված չեն.
«Երբ դու հայտարարում ես՝ տեսնում ես ուժեր, որոնք կարող են հրահրել պատերազմ, դու ուղղակիորեն քարտ-բլանշ ես տալիս Ադրբեջանին՝ ցանկացած սրացման, էսկալացիայի ժամանակ ասել՝ նախաձեռնությունը եղել է դիմացի կողմից։
Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ վերլուծաբանն ընդգծեց.
«Այն կարգի ենք Ադրբեջանի հանրությանը պատրաստել խաղաղության, որի արդյունքում տեսում ենք էսկալացիայի հերթական դրսևորում, աննկարագրելի արագությամբ և հաջողությամբ օրակարգի առաջին կետերից հետ մղեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնց ամբողջ բնույթը կայանում էր նրանում, որ պետք է լինեն միջազգային գործիքներ սահմաններում տիրող իրավիճակի վերահսկման առումով։ Դա փոխարինեցինք Դուշանբեի պայմանավորվածությամբ»։
Անդրադառնալով արտաքին հարաբերություններին՝ Կ. Բեքարյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այս վերջին ժամանակահատվածի համար ունեցան այն կարգի դղրդյուններ, որոնք կբավարարեին մի 40 տարի։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի հետ կապված գործընթացով.
«Ուզենայիր ավելի վատ անել, չէր ստացվի»։
Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ ուղղությունը նույնպես անամպ չէ. «Այստեղ էլ որևէ կերպ չի երևում հետաքրքրվածություն։ Համեմատման ամենահեշտ պարամետրը ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄՆ-Հայաստան համադրության մեջ է։
Այս ամենը՝ այն պարագայում, երբ որ ընդհանրապես անվտանգային միջավայրը մեր շուրջ բավականին խոցելի է։ Բավական է նայել միայն ամենօրյա սրացումներն ԱՄՆ-Իրան համատեքստում»։
Վերլուծաբանը նկատեց, որ հետհեղափոխական ակնկալիքները չեն արդարացել նաև Եվրամիության հետ հարաբերություններում. «Վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկ չկա, վերջին փաստաթղթով նորից, որը մի քանի անգամ չկար, խոսվում է դյուրացման հերթական էտապի մասին։ Սա նշանակում է, որ ազատականացումը հետ է մղվում առնվազն անորոշ ժամանակով։
Եվրոպական ուղղության հետ արվող մեծագույն բլեֆը՝ անցումային արդարադատություն, վեթինգ, և իբր թե եվրոպական համայնքի լիակատար աջակցությունն է այդ հարցերում։
Աննկարագրելի բլեֆ է, որովհետև Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ են, ինչը եղել է միշտ, նպաստելու և օգնելու Հայաստանին իր դատաիրավական ռեֆորմների մեջ՝ իր իսկ ընդունած ռազմավարությունների շրջանակներում, բայց որևէ կերպ չհակասող ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Պատահական չէ, որ եվրոպական երկու ուղղությունից էլ որևէ փաստաթղթում Դուք վեթինգի, անցումային արդարադատության անուն չեք տեսնի»։
Զարուհի Դիլանյան