«Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների՝ արդարդատությանը երբեք չեմ միջամտել, դատարանների դռներ չեմ փակել». Ռոբերտ Քոչարյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ՝ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ, որին միացան նաև Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի պաշտպանները: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց մերժել իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Նիստի վերսկսումից հետո, սակայն, դատավորին բացարկ հայտնեց նաև «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Ներկայացնելով իր միջնորդությունը՝ փաստաբան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը և տուժողը վստահ չեն դատավոր Դանիելյանի անաչառության հարցում. Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, բայց ոչ ներկայացրած փաստարկներին կրկին միացան Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներն ու անձամբ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով դատավորին հորդորեց ինքնաբացարկ հայտնել:
Սեդա Սաֆարյանն իր ներկայացրած ինքնաբացարկի հիմքերը համարեց առավել առարկայական, քան պաշտպանական խմբինը:
«Իմ բացարկը կարելի է ընդունել, պաշտպանական կողմինը կարելի է մերժել»,- ասաց նա:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նիստի ընթացքում դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ հանդես եկավ կարճ հայտարարությամբ. «… 40 օր դուք հանրապետության նախագահն էիք, ինչի՞ համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն, եթե դժվար էր, սպանությունները չբացահայտեցիք, լավ, դժվար գործ էր… թալանեցին խանութները՝ ոչ մեկը չդատապարտվեց, այրեցին մեքենաները՝ ոչ մեկը չդատապարտվեց, ինչի՞ համար…»:
Նիստի վերջում Ռ. Քոչարյանն արձագանքեց իրեն ուղղված մեղադրանքներին՝ ասելով. «Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների՝ արդարդաատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, ես Ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել: Եվ ընդհանրապես դատավորների հետ որևէ շփում չեմ ունեցել:
Ուղղակի ընդհանրապես արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել և դատարանների դռներ չեմ փակել: Ոչ մեկի չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել»:
Քոչարյանի խոսքին հաջորդեցին դահլիճից հնչող ծափերը, որոնք արժանացան դատավորի նկատողությանը:
Զարուհի Դիլանյան