ԱՄՆ-ում հավանություն են տվել Բուլղարիային F-16 կործանիչներ մատակարարելուն
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Բուլղարիային վաճառել 1,673 մլրդ դոլար ընդհանուր գումարի F-16C/D Block 70/72 կործանիչներ եւ դրանց հետ կապված սարքավորումներ:
Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության եւ անվտանգության վարչությունը, որը պատասխանատու է արտասահման երկրներին միջկառավարական պարտավորագրերով ռազմական տեխնիկայի ու զենքի մատակարարման համար։ Թույլտվություն է ստացվել ութ ինքնաթիռ, ինչպես նաեւ դրանց հետ կապված սարքավորումների եւ ռազմամթերքի վաճառքի համար:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տեսակետից՝ պարտավորագրի կատարումը համապատասխանում է «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության» շահերին: «Ենթադրվող վաճառքը պետք է նպաստի իր օդային տարածությունը պաշտպանելու, տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու Բուլղարիայի հնարավորություններին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցելու հնարավորություններին»,-ընդգծվում է փաստաթղթում:
«Այդ սարքավորման ենթադրվող վաճառքը չի հանգեցնի տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը»,-պնդում են ամերիկյան իշխանությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: