Իսրայելի խորհրդարանը քվեարկեց ինքնարձակման օգտին
Իսրայելի խորհրդարանի անդամները մայիսի լույս 30-ի գիշերը քվեարկել են ինքնարձակման եւ կրկնական ընտրությունների անցկացման օգտին: Այդ մասին հայտնել են Իսրայելի զանգվածային լրատվամիջոցները:
Այդ առաջարկությունը պաշտպանել է 74 պատգամավոր, իսկ 45-ը դեմ են քվեարկել: Պլանավորվում է, որ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի սեպտեմբերի 17-ին:
Կնեսետում այս քայլին են դիմել այն բանի կապակցությամբ, որ գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն անցած ընտրությունների արդյունքներով չկարողացավ կազմել կառավարող կոալիցիա: Նախքան քվեարկությունը Նաթանյահուն իր «Լիկուդ» կուսակցության անդամներին պարզաբանել է, որ ինքն այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմելու պայմանները համաձայնեցնել Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության հետ:
Կոալիցիայի շուրջը մյուս կուսակցությունների հետ համաձայնության գալու Նաթանյահուի փորձը նույնպես անհաջողություն է կրել, հաղորդել է «Ինտերֆաքսը»: