Կառավարությունը տրամադրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակի բնագրի պատճենը
168.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Ըստ այդմ՝ հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում, նաև վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, որը, սակայն, քողարկված է եղել հակակոռուպցիոն պայքարի անվան տակ:
Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը հրապարակվեց «Արմենպրեսում»:
«Հարգարժան պարոն վարչապետ,
Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի ընթացքում մենք վերահաստատեցին Հայաստանի և Վենետիկի Հանձնաժողովի միջև սերտ համագործակցություն ծավալելու մեր շահագրգռվածությունը:
Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների և անգամ «վեթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:
Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատկանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում:
Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:
Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն, եթե այդ չափանիշերը հարգված են:
Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի Սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշերը»:
Սակայն կայքէջի անգլերեն բաժնում ներկայացված անգլալեզու նամակի ներքևում նշված էր, որ այն հայերենից խմբագրվել և թարգմանվել է կայքէջի աշխատակից Տիգրան Սիրեկանյանի կողմից։ Այսինքն՝ «Արմենպրեսին» չէր տրամադրվել նամակի անգլերեն բնագիրը։
168.am-ն իր հրապարակման մեջ ակնկալում էր, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը ստացվել էր օրեր առաջ և չէր հրապարակվել, և որը երկրի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն։
Հիշեցնենք, որ 168.am-ի հրապարակումից հետո միայն իշխանությունները ստիպված եղան հրապարակել օրեր առաջ՝ մայիսի 22-ին ստացված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, չգիտես ինչու, թաքցվում էր։
Այսօր ՀՀ կառավարությունից 168.am-ին տրամադրեցին նաև նամակի բնագրի ֆոտոպատճենը, ինչի մասին հրապարակավ պահանջ էինք ներկայացրել:
Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը, որն «Արմենպրեսում» ներկայացված հայերեն թարգմանությանը համապատասխանում է։
Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ կառավարության գրավոր երկխոսության հետ կապված այլ մանրամասներ 168.am-ը կներկայացնի առաջիկայում։