Թաքցված նամակ՝ Վենետիկից
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, որը, սակայն, մինչ երեկ ՀՀ կառավարությունը չէր հրապարակել:
Ըստ մեր աղբյուրի՝ հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:
Ըստ նույն աղբյուրի՝ Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, որը, սակայն, քողարկված է եղել հակակոռուպցիոն պայքարի անվան տակ:
Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարարությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, Վենետիկի հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներում հայտարարությամբ հանդես գալ և համապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:
Երեկ մեր այս հրապարակումից ժամեր անց մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հանձնաժողովից նամակ ստացել է։ Սակայն, ըստ նրա, այն քննադատական չէ.
«Վենետիկի հանձնաժողովի նախագահը համաձայնել է մեր այն գնահատականի հետ, որ արդարադատության համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակել այն բարեփոխումներին, որ ծրագրում է իշխանությունը։ Եվ ինչպես իշխանությունը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, համարում է, որ բարեփոխումները պետք է իրագործվեն Սահմանադրության, նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում»։
Այնուհետև Վ.Կարապետյանը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը շուտով կհրապարակվի «Արմենպրես» պաշտոնական լրատվական կայքում։
Իսկ թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունն անմիջապես չի հրապարակել Վենետիկի հանձնաժողովի նամակը, մեղմ ասած, զարմանալի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ն. Փաշինյանի հայտնի կոչին հաջորդած միջազգային կառույցների գնահատականները նույն օրը ՀՀ կառավարությունը պաշտոնապես տարածում էր՝ ո՛չ թե «Արմենպրեսի», այլ՝ կառավարության կայքէջի միջոցով:
Այսպիսով՝ երեկ երեկոյան «Արմենպրեսը» տարածեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակը, որում, ըստ լրատվական կայքէջի, ասված է. «…Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների և անգամ «վեթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:
Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատկանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում:
Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:
Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը:
Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն, եթե այդ չափանիշերը հարգված են: Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշերը»:
Թե որքանով է այս նամակը կոշտ, որքանով՝ մեղմ, ճաշակի հարց է:
Մի քանի նկատառում, սակայն։ Նախ, նշենք, որ «Արմենպրեսում» տպագրված նամակը թարգմանված տեքստ է, որի անգլերեն բնագրի պատճենը ներկայացված չէ։ Ավելին, կայքէջի անգլերեն բաժնում ներկայացված անգլալեզու նամակի ներքևում նշված է, որ այն հայերենից խմբագրվել և թարգմանվել է կայքէջի աշխատակից Տիգրան Սիրեկանյանի կողմից։
Այսինքն՝ «Արմենպրեսին» ևս չի տրամադրվել նամակի անգլերեն բնագիրը։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, եթե Վենետիկի հանձնաժողովից նամակը ստացվել է անգլերեն լեզվով։ Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը երկրի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ են իշխանությունները մինչ երեկ այդքան խնամքով այն թաքցրել, առավել ևս, եթե իրենց խոսքով՝ այն դրական, իրենց սրտով է եղել։ Ինչո՞ւ այն ստիպված եղան հրապարակել երեկվա մեր հրապարակումից հետո միայն։
Ի վերջո, լրատվամիջոցներն իրենք կարող էին/են դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ նամակը։
Հաջորդ նկատառումը. եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանությունների կողմից հրապարակված թարգմանված այս տեքստն ամբողջովին համապատասխանում է բնագրին, ապա ակնհայտ է դառնում, որ վարչապետի մամլո խոսնակն առնվազն ճիշտ չի ասում։
Այս տեքստում Ջաննի Բուքիքիոն, հանձնաժողովը ոչ միայն որևէ հանձնառություն չի ստանձնում աջակցելու ՀՀ իշխանությունների ծրագրած բարեփոխումներին, այլև հստակ ասում է.
«Ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը»՝ «հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշերը»։
Դիվանագիտական լեզվով ասված՝ սա նշանակում է՝ Սահմանադրական կարգ եք խախտել, որն ընդունելի չէ։