Բաժիններ՝

Հայաստանի դպրոցների նոր վիճակագրությունը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա Վիճակագրության պետական կոմիտեն օրերս հրապարակեց հետհեղափոխական Հայաստանի առաջին կրթական վիճակագրությունը։

Ամենասպասված տվյալներից մեկն այն էր, թե 2018 թվականին ինչպիսի դինամիկա է արձանագրվել արտերկրից աշակերտների ներհոսքի առումով։ Հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ առկա է աշակերտների ներհոսք։

Ըստ 2018 թվականի տվյալների՝ Հայաստանից արտագաղթել է 5895 աշակերտ, ներգաղթել է 4846 աշակերտ։ Համեմատության համար նշեմ, որ 2017 թվականին Հայաստանից արտագաղթել էր 6320 աշակերտ, ներգաղթել էր 2479 աշակերտ։ Այսինքն՝ արտագաղթողների թիվը շուրջ 4000-ով ավելի էր։ 2018-ին շուրջ 500-ով նվազել է Հայաստանից արտագաղթող աշակերտների թիվը, իսկ ներգաղթող աշակերտների թիվն ավելացել է շուրջ 2400-ով։

Այսպիսով, 2018 թվականին արտագաղթ-ներգաղթ սալդոն կրկին բացասական է մնացել, թեև ներգաղթողների թիվը 2017 թվականի համեմատ կրկնապատկվել է։ Հետաքրքիր է արտագաղթի և ներգաղթի սեռային պատկերը։ Հայաստանից մեկնած 5895 աշակերտներից 4513-ն աղջիկներ են։ Համեմատության համար նշեմ, որ 2017 թվականին Հայաստանից մեկնած 6320 աշակերտներից միայն 2771-ն են եղել աղջիկներ։ Դժվար է ասել, թե ինչո՞ւ է աճել արտագաղթող աղջիկների թիվը և շեշտակի նվազել արտագաղթող տղաների թիվը։

Կարդացեք նաև

Թեև արտագաղթած աշակերտների թիվն ավելին է, քան ներգաղթածներինը, սակայն աշակերտների թիվը 2018-ին աճել է ավելի քան 20 հազարով։ Պատճառն այն է, որ 2018 թվականին դպրոցների շրջանավարտների թիվը շատ քիչ էր, իսկ առաջին դասարան ընդունվողների թիվը՝ շատ։ 2018 թվականին Հայաստանի դպրոցներում սովորել է շուրջ 382000 աշակերտ։

Շարունակում է կայուն ձևով աճել ոչ պետական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը։ Եթե 2017-ին ոչ պետական դպրոցներ հաճախում էր 8401 աշակերտ, ապա 2018-ին այդ թիվը հասել է 9314-ի։ Համեմատության համար նշեմ, որ 2015-ին Հայաստանի ոչ պետական դպրոցներում սովորում էր 6520 աշակերտ։ Հայաստանում ներկայումս կա 46 մասնավոր դպրոց, որից 38-ը՝ Երևանում։

Հաջորդ կարևոր վիճակագրական տվյալը դպրոցից դուրս մնացած երեխաների թիվն է։ Պաշտոնապես օգտագործվում է «դպրոցից հեռացած (ուսումը կիսատ թողած)» արտահայտությունը։ Այս տվյալը կարևոր է այն առումով, որ 12-ամյա պարտադիր կրթության անցման արդյունքում, հետաքրքիր է տեսնել, թե ինչ դինամիկա է արձանագրվում ավագ դասարաններում դպրոցից դուրս մնացած աշակերտների թվում։

Եթե 2017 թվականին դպրոցից հեռացած աշակերտների թիվը 274 էր, ապա 2018-ին այն դարձել է 367, այսինքն՝ ավելացել է շուրջ 100-ով։ Տարօրինակ է, որ հատկապես աճել է ոչ թե ավագ դասարաններից, այլ 3-6-րդ դասարաններից դուրս մնացած աշակերտների թիվը, ինչը դժվար է բացատրել, քանի որ այս տարիքի երեխաները սովորաբար նորմալ են հաճախում դպրոց։ Օրինակ՝ եթե 2017 թվականին դպրոցի 5-րդ դասարանից դուրս էր մնացել 6 աշակերտ, ապա 2018-ին այդ թիվը դարձել է 24։

Զեկույցում նաև նշվում է, որ 556 9-րդ դասարանցիներ ուսումը կիսատ են թողել, ևս 328-ը հեռացվել են դպրոցից։ Եթե Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է, ապա ինչո՞ւ է այդքան մեծ թվով 9-րդ դասարանցի ուսումը կիսատ թողել կամ հեռացվել դպրոցից։

Անհասկանալի է դպրոցները մեդալով ավարտածների տվյալը։ Նախորդ ամռանը ԿԳ նախարարը հայտարարել էր, որ «2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը»: Սա նշանակում է, որ 2018-ին մեդալակիրների թիվը պետք է շատ ավելի քիչ լիներ։ Ընդ որում, 2018-ին դպրոցների շրջանավարտների թիվը կրկնակի քիչ էր՝ 2017-ի համեմատ։ Բայց ըստ վիճակագրական տվյալների՝ 2017 թվականին դպրոցը մեդալով ավարտել է 222 շրջանավարտ, իսկ 2018-ին՝ 211։

Տարօրինակ է նաև մեդալների թվի բաշխվածությունը։ Պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի շրջանավարտների 5%-ից ավելին դպրոցն ավարտել է մեդալով։ Գեղարքունիքի մարզի շուրջ 780 շրջանավարտից 41-ը մեդալակիր է, իսկ Արմավիրում, որն ունեցել է ավելի քան 900 շրջանավարտ և աշակերտների թվով Երևանից հետո երկրորդն է, ընդամենը 1 մեդալակիր կա։ Այս տվյալները մեկնաբանության կարիք ունեն։

Հայաստանի դպրոցներում դեռևս կան միջնակարգ կրթություն ունեցող ուսուցիչներ։ Եվ եթե մարզերի պարագայում հասկանալի է, թե ինչո՞ւ են դպրոցում ուսուցիչ աշխատում միջնակարգ կրթությամբ մարդիկ, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ Երևանում կա միջնակարգ կրթությամբ 13 ուսուցիչ։ Տարօրինակ ձևով նվազել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։ Եթե 2017-ին դպրոցում դասավանդում էր մինչև 25 տարեկան 1516 ուսուցիչ, ապա 2018-ին այդ թիվը դարձել է 684։

Հնարավոր է, որ այստեղ էլ կա մեխանիկական սխալ։ Բայց եթե չկա, ապա նշանակում է, որ մինչև 25 տարեկան բազմաթիվ ուսուցիչներ դուրս են եկել դպրոցից, ինչպես նաև այդ տարիքային խմբի նոր ուսուցիչներ շատ քիչ են ընդունվել դպրոց։ Փոխարենը՝ կտրուկ աճել է 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը։ Եթե 2017-ին դպրոցում աշխատում էր 65-ից բարձր տարիք ունեցող 1758 ուսուցիչ, ապա 2018-ին այդ թիվը դարձել է 2627։

Դպրոցների շենքային վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Հայաստանի 1409 դպրոցներից 459-ը հիմնանորոգման կարիք ունի։ Եվս 386-ում ընթացիկ նորոգման կարիք կա։ 1500-ով նվազել է դպրոցների համակարգիչների թիվը, ինչը պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ համակարգիչներ վաղուց չեն աշխատում, իսկ նոր համակարգիչներ դպրոցները շատ քիչ են ստանում։ Եթե 2017-ին 16.2 աշակերտին մեկ համակարգիչ էր բաժին ընկնում, ապա 2018 թվականին ցուցանիշը դարձել է 18.1 երեխային՝ մեկ համակարգիչ։ Դպրոցների թիվը նվազել է 12-ով, քանի որ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք որոշվեց միավորել 13 դպրոցներ, որոնցից մեկի միավորումը կասեցվեց հեղափոխությունից հետո։

Հրապարակված տվյալները դեռևս ամբողջական չեն։ Բացի այդ, որոշ տվյալներում կան մեխանիկական սխալներ, մի քանիսն էլ բացատրության կարիք ունեն։ Առաջիկայում ավելի ամբողջական տվյալներ կլինեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում և Վիճակագրության պետական կոմիտեի աշնանը հրապարակվող զեկույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս